Armsport.am-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 12-ին, Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հայրենիք է վերադարձել Հայաստանի հավաքականն, ի դեմս աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի, փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և մեր մյուս ծանրորդների:

Զվարթնոց օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ և մեծ թվով երկրպագուներ:

Լրագրողների հետ զրույցում 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը կիսվել է տպավորություններով և նշել , թե ում է նվիրում ԱԱ-ում գրանցած ֆանտաստիկ հաջողությունը.

«Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա:  Շատ ուրախ եմ ու հպարտ: Ինչ վերաբերում է համաշխարհային ռեկորդին, ապա դա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Շատ լավ էինք պատրաստվել այս առաջնությանը ու ուրախ եմ, որ կարողացանք հասնել ցանկալի արդյունքի: 

Իհարկե, 8 տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ Հայաստանից աշխարհի հաջորդ չեմպիոնը ես կլինեմ: Շնորհակալ եմ, որ այսպիսի դիմավորման համար: Սա մոտիվացիա է, որ հետագայում ևս կրկնեմ այս հաջողությունը:

Արդյոք սա քայլ էր դեպի Տոկիոյի օլիմպիական խաղե՞ր. դա իմ նպատակն է, հուսով եմ ` կգնամ դեպի օլիմպիական ոսկին:

Չեմպիոնությունս նվիրում եմ ամբողջ հայ ազգին և իմ հաջողությամբ ուրախացողներին»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանի լրագրողների հետ ճեպազրույցում:

Հիշեցնենք` հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն: 109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Եվս մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել