Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: 

Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատրաստվելու ընտրություններին: «Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ։ Դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին»,- ասաց նա և նշեց, որ այս խորհրդի նիստին պետք է ընդունեին սկզբունքային որոշում և բավականին մեծ աշխատանք են կատարել:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք՝ որպես կուսակցություն, շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:

Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդային ու արևելյան երկրների մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել: 

«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի: Մեր թիմը քաղաքական թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որն այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվելու ընտրություններին»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել