Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ցուցակում են ներառվել այնպիսի գործեր, ինչպիսիք են «Էներգիա և քաղաքակրթություն. պատմություն», «Լուսավորությունն այսօր», «Փաստացիություն. 10 պատճառ, թե ինչու ենք մենք սխալվում աշխարհի հարցում, և ինչու է ամեն ինչ ավելի լավ, քան թվում է» և «Sapiens. Մարդկության հակիրճ պատմություն»:

Միլիարդատեր և բարեգործ Բիլ Գեյթսը իր բլոգում մեկ անգամ չէ, որ պատմել է հարյուրավոր հետաքրքիր գրքերի մասին, բայց հատկապես վերջին չորսն են ստիպել նրան փոխելու իր մտածողությունը: Այս մասին հաղորդում է CNBC-ը:

Առաջին տեղում է պրոֆեսոր Վացլավ Սմիլի «Էներգիա և քաղաքակրթություն. պատմություն» գիրքը: Դրանում դիտարկվում է տնտեսության աճի կապը էներգիայի պահանջարկի հետ: Նշվում է, որ Գեյթսը կարդացել է Սմիլի բոլոր 36 ստեղծագործությունները, որոնք հրապարակվել են 2017-ին:

Երկրորդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Փինքերի «Լուսավորությունն այսօր» գիրքն է: Այստեղ խոսվում է մարդկության առաջընթացի մասին և ուշադրություն է դարձվում առողջության ցուցանիշներին, բարգավաճմանը, անվտանգությանը, գիտելիքներին և երջանկությանը: Գեյթսը նշել է, որ այդ գործը ոչ միայն իր ամենասիրելին է, այլև լավագույնը այլ պրոֆեսորների գրածների մեջ:

Երրորդ տեղում վիճակագրության և առողջապահության հարցերով շվեդ մասնագետ Հանս Ռոսլինգի «Փաստացիություն. 10 պատճառ, թե ինչու ենք մենք սխալվում աշխարհի հարցում, և ինչու է ամեն ինչ ավելի լավ, քան թվում է» գիրքն է: Դրանում հեղինակը քննարկում է ստեղծված աշխարհայացքների կարծրատիպերը և դրանց նախադրյալները: Միլիարդատերը հատկապես իրենց կյանքի նոր փուլը թևակոխող շրջանավարտներին է խորհուրդ տալիս ծանոթանալ այս գործի հետ:

Չորրորդ գիրքը իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության հակիրճ պատմություն» գիրքն է: Գեյթսի խոսքով՝ կարդալով այդ գիրքը՝ նա մտածել է մարդու, երջանկության և այն մասին, թե ինչն է մեզ դարձնում առանձնահատուկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել