ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունները, մեծ հաշվով, Հայաստանի հետ քիչ առնչություն ունեն, քանի որ Հայաստանն իրացրել է իր պայմանագրային իրավունքը` հետ կանչել իր ներկայացուցչին, իսկ փոխարենն առաջարկել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նոր թեկնածու։

Ամեն ինչ տեղավորվում է այս կազմակերպության կանոնադրության և պայմանագրի տրամաբանության մեջ։

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ Աստանայում, դա արդեն վկայությունն է այդ կազմակերպության մեջ առկա անառողջ մթնոլորտի և անդամ-պետությունների միջև փոխադարձ վստահության ցածր մակարդակի մասին։

Լուկաշենկոն և Նազարբաևը փորձեցին սակարկության առարկա դարձնել Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը` ձգտելով դրա դիմաց առավելագույնը պոկել պատժամիջոցների ներքո օրեցօր թուլացող Ռուսաստանից, քանի որ ավանդաբար Ռուսաստանը պաշտպանել է Հայաստանի շահը ՀԱՊԿ-ում։

Բայց, ինչպես երևաց, Պուտինը պատրաստ չէր վճարել Գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու համար։

Վստահ եմ՝ Փաշինյանն առավելագույնս արդյունավետ կօգտագործի ՀԱՊԿ կանոնադրությամբ անդամ-պետություններին վերապահված լիազորությունները և կարգելափակի ցանկացած այլ նշանակում` հարուցելով ՀԱՊԿ պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամը։

Խնդիրն, իհարկե, կհանգուցալուծվի Պուտինի անձնական բարձր հեղինակության շնորհիվ, սակայն Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում։

PS. Չեմ հասկանում այն քաղաքական գործիչներին, որոնք այս ազգային խնդիրն օգտագործում են Փաշինյանին հարվածելու համար, փոխանակ աջակցեն Հայաստանի համար կարևոր այս խնդրի բարենպաստ լուծմանը։

Սա ազգային անվտանգության խնդիր է, որը ոչ մի պարագայում չպետք է օգտագործվի ներքին քաղաքականության մեջ հաշիվներ մաքրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել