Մի՛ հարցրու, թե ինչ է արել պետությունը քո համար, այլ ասա, թե դու ինչ ես արել պետության համար

Ահա և եկավ այդ օրը, երբ ես ամենայն անկեղծությամբ ու պատրաստակամությամբ պաշտպանելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, կոնկրետ թեզիսի ու հայտարարության կոնտեքստում, բայց պաշտպանելու եմ։ Այսօր Փաշինյանը քողազերծել է մեր իրականության ամենամեծ միֆերից մեկը՝ քարից հաց քամող հայու տեսակի լեգենդը, ու պարզ ասել է, որ 350000 հոգի աշխատում է, իսկ 800000 հոգի պահանջում է օգնություն։

Թվային ակրոբատիկա չանենք, այլ ավելի շատ փիլիսոփայական-գոյաբանական դիսկուրս ծավալենք: Աներկբա իրականություն է, որ կան սոցիալական խմբեր, որոնք օբյեկտիվորեն չեն կարող առանց այդ նպաստի ու օգնության՝ ծերերը, թոշակառուները, հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ, երեխաները և այլն։ Աներկբա իրականություն է նաև այն, որ այդ 800000-ը միայն նման մարդկանցից չի բաղկացած, այլ պրոֆեսիոնալ պորտաբույծներից, որոնք որոշել են, որ սկուտեղով պետք է իրենց մատուցվի ամեն բարիք, իսկ իրենք դրա համար չանեն ոչինչ։

Դե մի հատ ձեռքներդ դրեք սրտներիդ ու ասեք, որ չեք ճանաչում մարդկանց, ովքեր սաղ օրը պարապ թրև են գալիս ու մենակ բողոքում են։ Ես, օրինակ, մարդ գիտեմ, որ մի 20 տարի ա՝ բողոքում է, որ լավ գործ չի կարում ճարի, որովհետև լեզուներ չգիտի, այնինչ 20 տարում եթե բողոքելու փոխարեն էդ անտեր լեզուներն անգամ տնային պայմաններում պարապեր, կյուրացներ։ Ասեք ինձ, որ չգիտեք, որ նույն Գյումրու դոմիկներում ահագին մարդ կա, որ առնվազն մի անգամ տուն ստացել ա, բայց ծախել ա/վարձով ա տվել/ուղղակի փակել ա, որ դոմիկում մնա ու օգնություն ստանա։ Ասեք ինձ, որ չկան այնպիսիք, որոնք աշխատանքային շուկայի պահանջներին բացարձակ չեն բավարարում կամ էլ բավարարում են ամենացածր պահանջներին, բայց ակնկալում են բարձր վարձրատրություն հիմա ու այստեղ, դրա համար չեն ընդունում այլ առաջարկներ։ Ու միլիոն հատ այլ կենցաղային օրինակներ կարող եմ բերել, որ բոլորդ էլ տեսել եք։

Խնդիրը աշխատատեղերը չեն, խնդիրը աշխատողներն ու գործազուրկները չեն անգամ։ Խնդիրը պետության նկատմամբ ուտիլիտար վերաբերմունքն է, որը գրեթե համատարած է մեր հասարակությունում։ Փողոցում պատահական 10 հոգու հարցրու, թե ինքը ինչ է ակնկալում պետությունից, ու հատորներով կթվարկեն, բայց երբ հարցնես, թե ինչ է պատրաստ տալ պետությանը, կարող է մի հատ էլ թքեն երեսիդ։ Ու այս երևույթը նոր չէ։ Սովետին կարոտողներին էլ որ խոսեցնենք, կպարզենք, որ մեծամասամբ սիրում էին, որ կարելի էր քիչ աշխատել ու լիքը տանել, ֆառցովկա անել, տակից ծախել և այլն։ Ինչպես մի անգամ մի տաքսիստ ինձ բացատրեց, Սովետը ավելի լավն էր, որովհետև այն ժամանակ գողանում էին բոլորով, իսկ հիմա գողանում են մենակ ընտրյալները։

Փաշինյանը շատ ճիշտ է ասել, ու բացարձակ նշանակություն չունի, թե ինչ մոտիվներով է նա այս թեման արծարծել։ Մենք վատ ենք ապրելու այնքան ժամանակ, մինչև չձերբազատվենք պետության նկատմամբ այս աստիճան պահանջատիրությունից։ Նույն Սովետում խնդիրն այսքան սուր դրված չէր, որովհետև կար օրենք պորտաբուծության դեմ, երբ մարդը չէր կարողանում իրա ուզած գործը ճարեր, պետությունը նրան օրենքի ուժով ստիպում էր աշխատել այնտեղ, որտեղ պետությունն է ճիշտ համարում, ու դա երբեք գործարանի տնօրենի ու/կամ ցեխի պետի հաստիք չէր։ Երբ սրան հասնենք, կգա երկրորդ փուլը, երբ մարդը կսկսի գիտակցել, որ եթե ուզում է, որ պետությունն ավելի լավ պայմաններ կարողանա տալ, ապա պետությունը պետք է ուժեղ լինի ու զարգանա, իսկ դա հնարավոր է միայն, եթե անձամբ ինքն իր ներդրումն ունենա դրանում, որովհետև ինչքան ինքը շատ տա, այնքան ավելի շատ պետությունը կվերադարձնի եթե ոչ իրեն, ապա իր կողքինին, եթե ոչ կողքինին, ապա իր երեխային։ Պետությանը պետք է վերաբերվել ոչ թե որպես ծնողի, որը քեզ պետք է պահի ու փայփայի, այլ որպես երեխայի, որի ծնողը դու ես։

Իսկ խնդրո առարկայի լուծումը շատ պարզ է․ ուզո՞ւմ ես լավ աշխատանք ունենալ ու շատ գումար աշխատել, ապա պետք է դպրոցում լավ սովորես, հետո՝ համալսարանում կամ էլ տեխնիկումում, հետո պետք է անդադար աշխատես, որ աշխատել սովորես, այդ ողջ ընթացքում պետք է անդադար քեզ վրա աշխատես, որպեսզի ավելի շատ կապիտալիզացվող պոտենցիալ ունենաս։ Ուրիշ ձև չի լինում՝ ուզում է Նիկոլը լինի, ուզում է Սերժը լինի, ուզում է Կոստյան լինի, տո, թեկուզև հենց դու լինես։ Լավ ապրելու համար պետք է շատ աշխատել, ավելի լավ ապրելու համար՝ ավելի շատ։ Ու քիչ մունաթ գալ։

ՀԳ․ Կանխազգալով տափակ քոմենթները՝ միանգամից ասեմ, որ աշխատել եմ 11-12 տարեկանից, մշտական աշխատանք ունեցել եմ 17 տարեկանից, աշխատել եմ բանվոր էլ, պահակ էլ, շարքային աշխատակից էլ, միջին օղակի մենեջեր էլ և այլն։ Հիմա էլ իմ աշխատանքային օրը տևում է այնքան ժամանակ, որքան արթուն եմ, իսկ երբեմն էլ՝ ավելի երկար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել