Armsport.am-ը գրում է.

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ստացել է ATP-ի` «Տարվա վերադարձ» մրցանակը:

Բացի նրանից, մրցանակին հավակնել են նաև Ջեյսոն Կուբլերը (Ավստրալիա), Ջոն Միլմանը (Ավստրալիա) և Կեյ Նիսիկորին (Ճապոնիա):

Հարկ է նշել, որ հաղթողին որոշել եմ ATP տուրի գործող թենիսիստները:

Նովակի մարզիչը` Մարյան Վայդան, ստացել է ATP-ի` «Տարվա մարզիչ»  մրցանակը:

Անցած մրցաշրջանի միջնամասում արմունկի վիրահատության ենթարկվելուց հետո` Նովակը դժվարություն մուտք գործեց 2018 թվական: Դեռ հունիսին նա ATP-ի վարկանիշի 22-րդ հորիզոնականն էր զբաղեցնում ` հաղթանակների և պարտությունների 14:8 հարաբերակցությամբ:

Այդուհանդերձ, խոտի մրցաշրջանի մեկնարկից ի վեր 31-ամյա թենիսիստն անցկացրած 35 խաղից պարտվել է միայն 3 խաղում, և դարձել է 4 մրցաշարի չեմպիոն, այդ թվում մեկը` «Մեծ սաղավարտի»: Այսպիսի արդյունքները նրան թույլ են տվել 3 տարվա մեջ առաջին անգամ վերադառնալ ATP-ի վարկանիշի առաջին հորիզոնականը:

2018 թվականին Ջոկովիչն ընդհանուր առմամբ 60 հանդիպում է անցկացրել, որոնցից 48-ում հաղթել է: Նոյեմբերի 11-ին սերբ թենիսիստը կսկսի պայքարն ATP-ի Ամփոփիչ մրցաշարում: Խմբային փուլում նրա մրցակիցները կլինեն Ջոն Իսները, գերմանացի Ալեքսանդր Զվերևը և խորվաթ Մարին Չիլիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել