Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել: Կանցլերն այս մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

Կուրցը նշել է, որ, առկա տվյալների համաձայն, ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:

«Ներկայում դա միայն կասկած է, որը պետք է հետաքննել ու պարզել՝ այն կհաստատվի՞, թե՞ ոչ», - նշել է Կուրցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ կասկածը, այնուամենայնիվ, կհաստատվի:

Հայտնի է նաև, որ Ավստրիան մանրակրկիտ տեղեկություններ է պահանջել Ռուսաստանից ձերբակալված կասկածյալի մասին:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ: 

Հայտնի է, որ գնդապետն ամեն երկու շաբաթը մեկ կապ էր հաստատում ռուսական կողմի, մասնավորապես՝ Յուրի անունով մեկի հետ: Հայտնի է, որ գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո է ստացել:
Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը: Բացի այդ՝ այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել