2014 թվին Ալբանիայում մասնակցում էի ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների թրեյնինգի: Մի 50 երկրից դելեգատներ կային, բայց դե ինչպես գրեթե միշտ է լինում, հետխորհրդային երկրների դելեգատներն իրար հետ էին «տուսիծ» անում:

Վերջին օրը որոշեցինք գնալ, ռուսախոսներով բանկետ անենք ու գերմանական հաշվի սկզբունքով առաջնորդվենք, բայց ինչպես գրեթե միշտ է լինում, սաղ իրանց մեռկեքով իրանց փողը տվեցին, ու պարզվեց, որ մի 100 եվրո քչություն ա անում: Սկսեցին հերթով չեկը քրքրել: Դե, հասկանում եք, որ տհաճ տեսարան է: Մի խոսքով` հանեցի, ևս 50 եվրո դրեցի: Երկու վայրկյան հետո 50 եվրո էլ ադրբեջանցի Ալին դրեց:

Էդ օրը գնացինք իրար հետ խմելու: Ալիի սիրտը բարակեց, սկսեց անիծել պատերազմն ու քաղաքականությունը: Քեֆը լրիվ լավացավ, ասում ա` որ կռիվ լիներ, ինձ կխփեի՞ր: Ասի` դե հա: Ալին տխրեց ու ասաց, որ ինձ չէր խփի, եթե տեսներ` ես եմ: Ես էլ ասացի` համոզեցիր, որ տենայի՝ դու ես, միանգամից չէի խփի, կփորձեի գերի վերցնել: Ալին նեղացավ:

Առակը կցուցանե, որ իրականում ես ճիշտ էի ու ճիշտ եմ և ոչ մի ափսոսանք չեմ զգում, որովհետև իրանց հետ մեր կռիվն էկզիստենցիալ ա, և առանձնյակների լիրիկական զեղումները դա չեն փոխում: Ու եթե պետք է անվանարկվեմ դրա համար, թող, որովհետև ռազմահայրենական շիզոֆրենիկ լինելն ավելի լավ է, քան պացիֆիստական փսլինք դառնալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել