Tert.am-ը գրում է.

Այնպես չէ, որ վարչապետն ասում է՝ ես երաշխիք եմ, եկե՛ք, ներդրում արե՛ք, և ներդրողները պետք է գան: Չի կարող երկրում որևէ մեկը երաշխիք լինել, աննորմալ է, եթե մեկ պաշտոնյան է երաշխիք, նշանակում է՝ այդ երկրում ինչ-որ բան այնպես չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՕՐՕ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա՝ երաշխիքը հակակշռային համակարգն է: 

«Ցանկացած ներդրող առաջինը նայում է՝ կա՞ իշխանություններին հակակշիռ բևեռ ԱԺ-ում: Եթե նա դա չտեսնի, կսկսի զգուշանալ»,- նշեց նա: Ս. Մարգարյանի խոսքով՝  արագ և լարված իրավիճակում ընտրություններին գնալու հետևանքով պարզ չէ՝ ով է լինելու այլընտրանքային բևեռը, ով է լինելու ընդդիմությունը: Նա նաև նկատեց, որ ներկայիս կառավարությունը հստակ ոլորտային ծրագրեր դեռ չի ներկայացրել. «Դա ոնց որ հակառակ բևեռից գալ է նշանակում: Նախ ասում են՝ մենք կընտրվենք, հետո կորոշենք՝ ինչ անել: Հույս ունեմ, որ գուցե նախընտրական շրջանում կլինեն այդ ծրագրերը, դրանից կախված էլ գուցե այլընտրանքային ծրագրեր լինեն: Այս դեպքում միայն կլինեն բովանդակային ընտրություններ, ինչին ես այս պահին շատ քիչ եմ հավատում՝ ելնելով պրոցեսներից, որոնք ընթանում են»,- ասաց նա:

- Պարո՛ն Մարգարյան, դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ձեր թիմն ի՞նչ ձևով է մասնակցելու, ինչ-որ ուժի սատարելո՞ւ եք:

- «Այլընտրանքային նախագծերը» փորձագիտական-վերլուծական կենտրոն է, քաղաքական կառույց չէ: Ինչ-որ ձևով մասնակցելու, սատարելու որևէ որոշում այս պահին չունենք, որևէ մեկի հետ բանակցությունների մեջ չենք մտել:

- Եթե այս պահին որոշում, քննարկումներ չկան, իսկ ժամանակահատվածն էլ բավականին կարճ է, ստացվում է՝ որևէ ձևով չե՞ք մասնակցելու:

- Ամենայն հավանականությամբ, այո: Գիտեք՝ հիմա ընտրություններին մասնակցելը ցուցակում լինելու հետ առանձնապես կապ չունի, ցուցակում լինելն անձնական հարց է, բայց ընտրությունները եթե հետաքրքիր լինեին, բովանդակային ընտրությունների պրոցես գնար, բնականաբար կարող եմ մասնակցել այդ պրոցեսին, կարծիք հայտնեմ, բայց այս պահին չի երևում՝ ովքեր են մասնակիցները, որ կարողանամ ինչ-որ բան ասել:

- Ոչ հետաքրքիր, ոչ բովանդակային ընտրություններ ասելով ի՞նչ նկատի ունեք, դա կապվա՞ծ է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների տապալման հետ:

- Այս ձևով՝ մի քիչ արագ և լարված իրավիճակում ընտրություններին գնալը բերելու է նրան, որ պարզ չէ՝ ով է լինելու այլընտրանքային բևեռը, ով է լինելու ընդդիմությունը: Խոսքն իսկապես բովանդակային ընդդիմություն լինելու մասին է, ոչ թե մեկն ասի՝ ես եմ և վերջ: Շատ ենք լսում, որ մարդիկ ասում են՝ մենք ընդդիմադիր ենք լինելու, բայց դիմում են իշխանություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել