Yerkir.am-ը գրում է.

Դե, որ խոսում են ուրեմն մի բան կա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն` անդրադառնալով դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, թե առաջադրվելու ՔՊ ռեյտինգային ցուցակով: «Առաջադրվելու եմ Շիրակի մարզում: Առաջարկություն է եղել, ընդունել եմ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՔՊ-ականներն ասում են, թե իրենց ցուցակում այն ՀՀԿ-ականներն են, որոնք աջակցել են հեղափոխությանը, Ցոլակյանն արձագանքեց, որ որևէ մեկին աջակցելու խնդիր չի ունեցել: «Իմ աջակցությունը եղել է վարչապետի ընտրության ժամանակ: Ես ամեն ձևով ասել եմ, որ աջակցելու եմ, օգնելու եմ, հիմա եկել է օգնելու ժամանակը»,- ասաց նա:

Ցոլակյանի խոսքով` դեռ որոշում չկա` ինքը գործադիրում է մնալու, թե՝ օրենսդիր է գնալու:

Դիտարկմանը` Դուք համարվել եք Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը, Ցոլակյանը պատասխանեց. «Ես երբևիցե որևէ մեկի մտերիմ ընկերը չեմ եղել, պետական ծառայող եմ եղել և իմ աշխատանքը կատարել եմ: Անձնական հարաբերություններ չունեմ»:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ՔՊ-ին չի անդամագրվի: «Ես երբևէ կուսակցական չեմ եղել ու չեմ լինելու, դա` միանշանակ: Եթե ՔՊ-ն կուսակցական դառնալու պայման դնի, ապա ես կհրաժարվեմ աշխատանքից»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել