Թերևս քչերը գիտեն, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Իհարկե սա զարմանալի հանգամանք է, քանի որ Հայաստանն ու Արհենտինան իրարից չափազանց հեռու են: Սակայն առավել զարմանալի է այն հանգամանքը, որ այդ ներդրումներն արվել են մեկ անհատի կողմից:

Օրինակ, այս ներդրումների հաշվին ստեղծված ընկերություններից մեկը «Արմենիա» միջազգային օդանավակայաններն» է, որն արդեն 17 տարի է, ինչ իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, և որը «Զվարթնոց» օդանավակայանը դարձրել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող օդանավակայան։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ինչպես իր ստեղծած աշխատատեղերի քանակով, այնպես էլ ՀՀ պետական բյուջե մուտք արած հարկերի քանակով, Հայաստանի խոշորագույն ընկերություններից է։ Ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանում աշխատում է 1690 աշխատակից, և միայն 2017 թվականին ՀՀ պետական բյուջե է մուտք արվել 3 մլրդ 318 մլն 274 հազար 400 ՀՀ դրամ, իսկ 17 տարիների ընթացքում օդանավակայանում իրականացվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Մեկ այլ խոշոր ներդրում առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես՝ խաղողագործությանը։

«Կարաս» գինու գործարանը, որի գործունեության զարգացման համար ներդրվել է 50 մլն ԱՄՆ դոլար, բավականաչափ լուծել է Արմավիրի բնակիչների զբաղվածության խնդիրը․ գործարանում աշխատում է շուրջ 600 աշխատակից։ Ներդրումների արդյունքում լուծվել են Արմավիրի բնակչության մի մասի առողջության և կրթության հարցերը ևս․ բացվել է նոր և ժամանակակից հիվանդանոց, ինչպես նաև դպրոց, որը գործում է Մայր Աթոռի օժանդակությամբ։

Արգենտինայից ներդրումներ են իրականացվել նաև Հայաստանի ֆինանսական ոլորտում, մասնավորապես Կոնվերս Բանկում, որը Հայաստանի ֆինանսական շուկայում մշտապես նոր ծառայություններ է առաջարկում, նոր գործիքներ օգտագործում և սրանով նաև խթանում է մրցակցությունը բանկային ոլորտում: Կոնվերս Բանկը 2017 ֆինանսական տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտք արել 2 մլրդ 48 մլն ՀՀ դրամ՝ լինելով 55-րդ խոշոր հարկատուն, իսկ 2007-2018 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտք արվել 15 միլիարդ 42 մլն ՀՀ դրամ:

Արգենտինյան ներդրումների հաշվին ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը՝ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ընկերության զարգացման համար ներ է դրվել 24 մլն ԱՄՆ դոլար և հենց այդ ներդրումների շնորհիվ է, որ ‹‹Հայփոստ››-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: Այս բոլոր ներդրումները իհարկե լուրջ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար և այս բոլոր ներդրումներն իրականացրել է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը, ում կողմից իրականացված ներդրումները և ստեղծված ընկերությունները, բնականաբար այսքանով չեն սահմանափակվում, սակայն վերոնշյալներից էլ արդեն իսկ պարզ է դառնում գործարարի ներդրած ավանդի և իրականացրած ծրագրերի կարևորությունը մեր հայրենիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել