Armsport.am-ը գրում է.

Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի էր դուրս եկել 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Օրեր առաջ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր դարձած ծանրորդը չկարողացավ հաջողությամբ կատարել պոկում վարժությունը: Անդրանիկը պատվիրել էր 171 կգ, սակայն երեք մոտեցումն էլ ձախողեց:

Պոկում վարժությունից հետո ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Անդրանիկի առաջին մոտեցման ժամանակ զգացնել է տվել նախկին վնասվածքը, մեր ծանրորդը ցավեր է զգացել:

Անդրանիկ Կարապետյանը որոշել է չմասնակցել հրում վարժությանը՝ ավարտելով ելույթն աշխարհի առաջնությունում:

Նշենք, որ հայ ծանրորդը, մարզիչները սև թևկապներով էին՝ ի հիշատակ կյանքից հեռացած լեգենդար Յուրի Վարդանյանի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարն սկսել էր 59 կգ քաշային Իզաբելլյա Յայլյանը, ով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել