Yerkir.am-ը գրում է.

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը մտադիր է Հայաստանում իրավապաշտպան կազմակերպություն հիմնել: Նա այսօր հանդիպեց լրագրողների հետ և տեղեկացրեց, որ այժմ բանակցությունների, քննարկումների փուլում են:

Մելիքյանի խոսքով՝ փորձում են ռազմավարական բնույթի տեսլական ունենալ: «Այդ տեսլականը պայմանավորված է քաղաքացիական հասարակության իրավապաշտպան հատվածի կառուցվածքով: 20 տարի առաջ, երբ մարդու իրավունքների ոլորտը մտավ մեր երկիր, ազգային մեր ինստիտուտները, որպես կանոն, դրանց վերաբերվեցին որպես օտար մարմին, շփման մեջ չմտան մարդու իրավունքների ոլորտի հետ: ՀՀ ներկայիս քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց և նոր ինստիտուտների կարիք ունի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական այս փոփոխությունների արդյունքում շատ մարդիկ, որ նախկինում գտնվում էին քաղաքացիական հասարակության դաշտում, բնականորեն տեղափոխվեցին պետական աշխատանքի: Փաստը ցույց տվեց, որ հասարակական վերահսկողության ինտենսիվությունն էապես նվազել է, բայց ցանկացած իշխանություն կարիք ունի հասարակական վերահսկողության»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ նախամայիսյան Հայաստանում իրավապաշտպան գործունեությունը շատ արդյունավետ էր. հարցեր էին բարձրացվում պրոֆեսիոնալ մակարդակով, որոնց որոշ հատվածը լուծում էր ստանում, իսկ հանրությունն էլ իր ուշադրությունը կենտրոնացնում էր բարձրացված հարցերի վրա: «Այսօր այս գործառույթը կարծես բաց է մնացել, և ես իմ գործունեությունը տեսնում եմ այս ոլորտում: Կյանքը ցույց տվեց, որ մարդու իրավունքները մեր հանրության սեփականությունն են: Բացի այդ՝ այսօր, ցավոք, մեր իրավապաշտպան համակարգը մեծ մասամբ Արցախում գործունեություն չի իրականացնում, հատուկենտ ծրագրեր են իրականացվում, այն էլ` պայմանավորված խաղաղասիրական գործունեությամբ: Տարիների ընթացքում մեր իրաապաշտպան ոլորտն այդ դաշտը բաց է թողել, և երևանյան իրավապաշտպան համայնքը մեծ մասամբ Արցախում ոչինչ չի անում: Կարիք ունենք Արցախի համար էլ ապահովել իրավապաշտպան գործունեություն»,- ասաց Մելիքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել