«Երբեք մի՛ բացառեք սովյալների ու գործազուրկների երթերը»: Այսօր մենք հանգիստ կարող ենք գրանցել, որ Հայաստանում ճգնաժամ է բոլոր ոլորտներում: Չկա մի ուղղություն, որտեղ մենք կարող ենք ասել`այ, այս ուղղության հաշվին մենք կվերականգնենք մեր չնախատեսված վնասները (լինեն դրանք թե՛ ֆորսմաժորային, թե՛ ոչ ճիշտ պլանավորման հետևանք…): Օրինակ՝ եթե մեզ այսօր թվում է, թե հանքարդյունաբերական ոլորտը եկամտաբեր է, և նրանից ստացվող հարկերի հաշվին բյուջեն միշտ կունենա ստաբիլ համալրում, ապա դա մեզ միայն թվում է, քանզի փորձը ցույց է տվել, որ Հայաստանում «ստաբիլություն» արտահայտությունը հետզհետե կորցնում է իր նշանակությունը: Ինչպես տեսնում ենք, ՀՀ նախագահական ընտրություններին հաղթելուց հետո հենց առաջին ամիսներին շոշափելի, չափելի փոփոխություններ կատարելու հանրապետականների խոստումները չիրականացան և չէին էլ կարող իրականանալ, քանզի դրանք ուտոպիալ դասին պատկանող խոստումներ էին:
Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում «Ազգային արդյունաբերության վերականգնման մասին օրենք»-ը, և ի՞նչ պատմություն ունի նա: Ճիշտն ասած՝ մեր այսօրվա կարգավիճակը շատ նման է 30-երի ԱՄՆ-ում տիրող քաոսի հետ, և դա է պատճառը, որ ես կփորձեմ այնտեղի օրինակով ցույց տալ, թե ինչ արեցին և ինչպես հաղթահարեցին այդ մղձավանջը ամերիկացիները՝ ավելի վատ վիճակում գտնվելով հանդերձ:
Եվ այսպես` Ռուզվելտի կառավարության կողմից իրականացվեցին խոշորամասշտաբ բարեփոխումներ, որոնք պատմության մեջ մտան «Ռուզվելտի նոր գիծ» անվամբ: «Նոր գծի» միջոցառումների շարքում կենտրոնական տեղը հատկացվում էր արդյունաբերության վերականգնմանը: 1933թ. հունիսին ընդունվեց երկու առավել կարևոր օրենքներից մեկը` «Ազգային արդյունաբերության վերականգնման մասին օրենքը»: Դրա անցկացման համար ստեղծվեց «Ազգային վերականգնման վարչությունը», որի կազմում ընդգրկվեցին ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչները (Առևտրային պալատից, «Ջեներալ մոթորս» ընկերությունից, «Ստանդարտ օյլից», Մորգանի խմբից և այլ բաժնետերեր), ինչպես նաև տնտեսագետներ «Աշխատանքի ամերիկյան դաշնությունից»: Արդյունաբերության վերականգնման մասին» օրենքը կանոնակարգում էր տնտեսության այդ ճյուղում պետական կարգավորման համակարգի ներդրումը: Այն երեք բաժին ուներ: Առաջինը վերաբերում էր այն միջոցառումներին, որոնք նպաստելու էին տնտեսության աշխուժացմանը և դրա դուրսբերմանն աղետալի իրավիճակից: Հիմնական շեշտադրումն արվում էր «ազնիվ մրցակցության վարքականոնի» վրա, որում սահմանվում էին մրցակցության, զբաղվածության և վարձու աշխատանքի կանոնները: Ռուզվելտն ինքն այդ օրենքին շատ մեծ նշանակություն էր տալիս. «Ազգային արդյունաբերության վերականգնման օրենքը պատմության մեջ կմտնի, հնարավոր է, որպես Կոնգրեսի կողմից երբևէ ընդունված առավել կարևոր գործող օրենսդրություն»:
Հարգելի ընթերցող, սա այնպիսի ծավալուն թեմա է, որ կարելի է սրա մասին հա խոսել, իհարկե, խնայելով ձեր ժամանակը՝ ես դա չեմ պատրաստվում անել, ուղղակի կարող եմ ասել միայն մի բան, որ խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք այսօր հայտնվել ենք մի այնպիսի զավեշտալի իրավիճակի մեջ, որ մեզ իրոք անհրաժեշտ են նմանատիպ կենսունակ օրենքներ, և ամպայման չի, որ դրանք նման լինեն ԱՄՆ-ի մոդելին, բայց ազգային արդյունաբերության վերականգման գաղափարը միակ ճիշտ ճանապարհն է, որը մեզ կտանի դեպի փրկություն, իսկ ինչ անվանում կունենա օրենքը՝ ամենևին էլ կարևոր չէ, կարևորը այն է, որ այդ օրենքի հիմքում ընկած լինի վերոհիշյալ գաղափարը:



