Առանց խմորիչի հացը կատարյալ տարբերակ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց սննդակարգին հետևում են կամ դիետա են պահում։ Հաճախ հացի մեջ անհայտ ծագման խմորիչի փոխարեն տարեկանի թթխմոր են օգտագործում։
Տնային պայմաններում թթխմոր պատրաստելը բարդ չէ, կարևորը համբերությամբ զինվելն է, քանի որ թթխմորի հասունացման համար մի քանի օր է հարկավոր։

Մաքուր պլաստմասե կամ ապակյա տարայի մեջ (1լ կամ ավելի լավ է 1.5լ տարողությամբ) 50 գր տարեկանի ալյուր և 50-100 մլ գոլ ջուր լցրեք (ջուրը 40 աստիճանից տաք պետք է չլինի, այլապես թթխմորը չի ստացվի) և խառնեք։ Պետք է ստացվի թթվասերից մի փոքր ավելի թույլ կազմության խմոր: Ապակյա տարան կափարիչով կամ փայլաթիթեղով ծածկեք (ոչ շատ կիպ) և 24 ժամով դրեք տաք տեղում։

ttxmor-haci-hamar-3

Հաջորդ օրը թթխմորի վրա 50 գր տարեկանի ալյուր և 50 մլ գոլ ջուր լցրեք, լավ խառնեք և կրկին տաք տեղ դրեք։ Նույն գործողությունը կրկնեք երրորդ և չորրորդ օրերին, այնուհետև ևս 24 ժամով տաք տեղ դրեք։

ttxmor-haci-hamar-4

Հինգերորդ օրը թթխմորը պատրաստ է: Այն պետք է լինի մանր պղպջակներով ու ունենա գինու բույր, ինչը վկայում է խմորիչի մեջ կաթնաթթվային բակտերիաների առկայույթյան մասին, որոնք շատ օգտակար են աղիների համար։ Հենց այդպիսի խմորիչն են օգտագործում հաց թխելու համար։

Պատրաստի թթխմորը կարող եք երկու շաբաթ սառնարանում պահել։ Եթե ցանկանում եք հաց թխել, ապա 1 օր առաջ վերցրեք անհրաժեշտ քանակությամբ թթխմոր, մեկ ժամ  սենյակային ջերմաստիճանում թողեք, որպեսզի այն«արթնանա», այնուհետև վրան ալյուր և ջուր լցրեք,  24 ժամ հանգիստ թողեք, ինչից հետո կարող եք թխել։

ttxmor-haci-hamar-5

Օգտակար խորհուրդներ թթխմոր պատրաստելիս

  • Թթխմորի համար ամենահարմարը տարեկանի ալյուրն է։
  • Հասունացման ընթացքում խմորը կարող է շարժվել, բլթբլթալ և չափերով ավելանալ։
  • Եթե թթխմորը գույնը փոխել է (կարմիր, կանաչ, կապույտ կամ սև) և տհաճ հոտ ունի, նշանակում է, որ այն փչացել է և արդեն պիտանի չէ։
  • Որպեսզի ամեն անգամ խմորիչի հասունացման համար 5 օր չսպասեք, միշտ 4-5 ճ/գդ թթխմոր պահեք սառնարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել