ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջան կատարած այցից հետո ժամանեց Հայաստան, ու հենց Հայաստան կատարած այցելությունը մի շարք քննարկումների տեղիք տվեց, քանի որ խոսվեց ռուսական և ամերիկյան զենքերի, Արցախի հարցի և Իրանի մասին:

Այս ամենից առավել շատ ոգևորվեց հենց ադրբեջանական կողմը: Նախ՝ Բոլթոնի այցից հետո կնքվեց թվով երրորդ հռչակագիրը Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի միջև: Ադրբեջանն ամեն գնով փորձեց օգտագործել դա Հայաստանի դեմ: Ամեն նման հռչակագրից հետո միշտ Ադրբեջանը փորձում է կարևորել իր և Իրանի հարաբերությունները՝ չնայած այն հանգամանքին, որ այդ հարաբերությունների արանքում մի շարք չլուծված խնդիրներ կան:

Թվում էր, թե ԱՄՆ ներկայացուցչի այցից հետո Իրանը պետք է ավելի շատ անդրադառնար այդ թեմային, սակայն, ինչպես նկատում ենք, Ադրբեջանը նույնիսկ հերթ չի տալիս Իրանին: Տարբեր հարթակներով այս թեման այնպես են իրար խառնել, որպեսզի մի կերպ ազդեն Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որ նույնիսկ շփոթում են ու մեկ հարթակով հայտարարում, որ Բոլթոնն Ադրբեջանում ընդհանրապես չխոսեց Իրանի մասին, մյուս հարթակով հայտարարում են, որ խոսեց, բայց շատ կարճ: Մնում է հասկանանք՝ Բոլթոնը Ադրբեջանում վերջը խոսե՞լ է, թե՞ չի խոսել Իրանի մասին:

Ադրբեջանն, իհարկե, նաև ազդվել է Ջոն Բոլթոնի այն առաջարկից, որը կատարել է ԱՄՆ ներկայացուցիչը զենքերի հնարավոր վաճառքի հետ կապված: Հիմա ամբողջ ադրբեջանական քարոզչամեքենան նստած է Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Իրան հարաբերությունների վերանայման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել