Քիչ առաջ հայտարարվեց, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում չարաշահումներ են հայտնաբերվել և հետախուզվում է նախկին տնօրենը: Թե ի՞նչ որակի ստուգումներ և քննություն է իրականացնում առողջապահության նախարարությունը, թե ի՞նչ որակի «արդարադատություն» կա այսօր Հայաստանում, և թե ինչպե՞ս զանգեր և ուղղորդումներ չեն կատարվում, գիտենք, տեսել ենք, համոզվել ենք: Քաղաքական պատվերն ակնհայտ է ու քաղաքական դրդապատճառներն էլ վաղուց հայտնի են:

Ամբողջ կյանքն առողջապանությանը նվիրած հանրապետության ամենահայտնի բժիշկներից պրոֆեսոր Մինասյանն այն մարդը չէ, որ պետք է մասնակիցը դառնա «կոռուպցիայի դեմ պայքար» կոչվող այս ֆարսին: Դոկտոր Մինասյանն այն մարդը չէ, ում հաշվին մերօրյա յագոդա-եժովները կարող են ինքնահաստատվել ու հասարակության աչքին թոզ փչել: Ի վերջո, պատմությանը քաջածանոթ շատ մարդիկ կան ու լավ հիշում են, թե ինչպես ավարտվեց բոլշևիկների հայտնի «բժիշկների գործը», և ընդհանրապես՝ ինչ վախճան ունեցավ այդ համակարգը:

Իշխանությունները կգան ու կգնան, քաղաքական խարդավանքները եղել են, կան ու դեռ լինելու են, արդարությունն ու արդարադատությունն էլ կարող են ժամանակավորապես հիվանդանալ, բայց չեն մեռնելու, հաստատ չեն մեռնելու: Եվ, ի վերջո՝ ոչինչ չի մոռացվում, իսկ ամենակարող ժամանակն ամեն բան իր տեղն է դնում: Այս ֆարսի օրերին պրոֆեսոր Մինասյանին առողջություն եմ մաղթում։ Այն առողջությունից, որ ամբողջ կյանքի ընթացքում ապահովել է հազարավոր մարդկանց համար: Եվ, իհարկե՝ ամուր նյարդեր: Իսկ օրվա իշխանություններին մաղթում եմ տրամաբանություն և լավ հիշողություն: Հիշու՞մ եք չէ, դեռ ոչ մի գործ կարող չի պլստացել՝ ոչ օրենքից, ոչ էլ պատմության դատաստանից: Լավ հիշեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել