Էս թեմային վաղուց էի ուզում անդրադառնալ` ՀՀԿ-ից փախած առնետների վարքը մեկնաբանելու համար, և քանի որ ՀՀԿ-ից դեպի ՔՊ վազողների դեպքում առնետավազքն էություն է, չէի անդրադառնում, բայց երեկ ԼՀԿ անդամ Հայկ Կոնջորյանը հասունացրեց այս գրառումը: Հայկին անձամբ չեմ ճանաչում, և անկեղծ ասած՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո իր արած առաջին «գործից» հետո ցանկություն էլ չունեմ ծանոթանալու, բայց արդյո՞ք բարոյապես ազնիվ է նրան մեղադրելը:

Հայկը և իր նման շատ-շատերը դաշտում գործում են իրենց առաջնորդների և ավելի բարձր լեվելի առաջնորդների կողմից թելադրված կողմնորոշիչներով: Եկեք խոստովանենք, որ Հայկն իրավունք ունի իր քաղաքական ապագան առավել «բարեկեցիկ» դարձնելու մասին մտածելու և դրան համապատասխան գործելու: Ոմանք սա դավաճանություն են համարում, ավելին՝ երեկ Էդմոն Մարուքյանը խիստ «պատահականորեն» մի նմանատիպ աֆորիզմ էր տեղադրել իր էջում, բայց եկեք մի պահ նայենք հենց նույն Էդմոն Մարուքյանի քաղաքական հետագծին, և Կոնջորյան Հայկի քայլի գնահատականը կբյուրեղանա միանգամից: 

Էդմոնն իշխանափոխությունից առաջ խոսում էր «երրորդ ճանապահի» մասին, որն այդպես էլ չհասկացանք՝ որն էր: Երբ Նիկոլ Փաշինյանը հաջողեց իշխանափոխությունը, Էդմոնը միանգամից հայտնվեց հրապարակում և սկսեց այստեղ-այնտեղ հարցազրույցներ տալ ու ասել, որ իրենք «թիկունքից օգնել են հեղափոխությանը», հետո Էդմոնը ԱԺ-ում դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժված, բայց Նիկոլի աղքատ բարեկամ ինքնաառաջադրված պատգամավոր: Նիկոլ Փաշինյանը հրապարակային ինչ ասես, ասեց Էդմոնենց թիմին, բայց Էդմոնն անդրդվելի էր ու նորից շարունակում էր նույն` հաճոյանալու մարտավարությամբ: Բոլորդ հիշում եք, չէ՞, ինչպես էր Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ի կողմից «գաղտնի» ընդունված կանոնակարգ օրենքի օրը, ՔՊ անդամ պատգամավորների կողքին կանգնած, ՔՊ-ից ավելի լավ հիմնավորում «հանցավոր հակահեղափոխականների» արածի ողջ դավադրությունն ընդդեմ «Երրորդ ճանապարհով» չգնացած Նիկոլ Փաշինյանի: Կարճ ասած՝ Էդմոն Մարուքյանը ԼՀԿ-ի առաջին գործիչն է, որն անսկզբունքայնություն է դրսևորել և դավաճանել իր սկզբունքներին, և/կամ միթե՞ Էդմոնի պահվածքն ավելի հակասական ու ոչ սկզբունքային չէր, քան Հայկ Կոնջորյանինը: 

Օրինակ՝ ես կարծում եմ, որ Էդմոնն էլ կարող է հեշտ ու հանգիստ դուրս գալ ԼՀԿ-ից և միանալ Նիկոլ Փաշինյանին և հենց նույն պատճառաբանությամբ, որով Կոնջորյանը ճամբարափոխ եղավ: 

Հայկ Կոնջորյանի քայլը որքան էլ օբյեկտիվ էր և խիստ համադրելի իր կուսակցության առաջնորդի թելադրած արժեքային համակարգի հետ, միևնույն է, ապաքաղաքական և ոչ գաղափարական էր: Կոնջորյանի «բրուտոսացումն» ամբողջությամբ համադրելի է դաշտում տիրող խայտառակ բարոյալքվածության հետ, ավելին՝ Կոնջորյանն էս առնետավազքի և համատարած «դավանափոխության» հավաքական կերպարն է, և էս կերպարների հետ կողք-կողքի ստիպված ենք ապրել ու գործել այնքան ժամանակ, քանի դեռ ավելի որակյալ և պատասխանատու համակարգ չենք ձևավորել:

ՀԳ. 11 տարի է՝ էս դաշտում գործունեություն եմ ծավալում և քիչ թե շատ փորձառություն ունեմ ու տարբեր սերունդների հետ եմ շփվել, այսօր օրը մեջ տեսնում եմ, թե ինչպես են ինձ հետ 11 տարի ՀՀԿ-ականի կրծքանշանով հպարտ ման եկող երիտասարդներն իրենց ՀՀԿ-ական լինելն ուրացել ու արդեն կա՛մ «քաղաքագետ» են, կա՛մ ՔՊ անդամ: Էս երիտասարդների վրա ՀՀԿ-ն ավելի մեծ ռեսուրս է ծախսել, քան Էդմոնը Կոնջորյանի վրա, և սրանց արածն ավելի անշնորհակալ և դավաճանական է, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, անգամ իրենք` ՀՀԿ-ականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել