Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 30 հարց, 24-ը չզեկուցվող են, մեկը՝ գաղտնի:

Օրակարգում է ներառված Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու և համապատասխանաբար հանրապետության նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագիծը, Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին   հավանություն տալու մասին որոշման նախագծերը:

Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կուղևորվի ԱԺ, որտեղ խորհրդարանը հատուկ նիստում կքննարկի վարչապետի ընտրության հարցը: Նշենք, որ սա հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի երկրորդ առաջադրումն է, և եթե ինչպես առաջին անգամ, այնպես էլ երկրորդ անգամ վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով, և կազմակերպվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել