Ուրեմն՝ շուրջ 7 ամիս առողջապահության նախարար աշխատող Արսեն Թորոսյանն օրեր առաջ ասուլիս հրավիրեց՝ ոչ մի բառ չխոսելով առողջապահության ոլորտի խնդիրների, բարեփոխումների ու Հայաստանի բնակչությանը մտահոգող առաջնահերթությունների մասին, փոխարենը մի ամբողջ ժամ զոհի կերպարանք ընդունած իր վատ կադրային քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները փորձեց բարդել իր դեմ արշավ իրականացնողների վրա, մեղադրեց լրագրողներին՝ հուզիչ տեսարան բեմադրելով:

Երևի լրագրողներն են մեղավոր, որ Արսեն Թորոսյանի նշանակած վատ կադրերը Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ միջոցառում են «հարամ անում» ու դրանում մեղադրում են Բժշկական համալսարանի ղեկավարությանը: Երևի լրագրողներն են մեղավոր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչում թթվածնային բալոն է պայթում, մի միջադեպ, որ հիվանդանոցի ամբողջ պատմության մեջ չէր եղել, կա՛մ լրագրողներն են մեղավոր, որ նույն հիվանդանոցում մահացածի ձեռքից մատանի կամ բժշկական սարք են գողանում: Գուցե լրագրողներն են մեղավոր, որ Արսեն Թորոսյանն առանց անվանի բժիշկներին զգուշացնելու նրանց զրկում է գլխավոր մասնագետի կոչումից, և նրանք դրա մասին մամուլից են տեղեկանում: Ու էս շարքը կարելի է անվերջ թվարկել: Ամենատխուրը թերևս այն է, որ նշված խնդիրներին առնչվելու փոխարեն Արսեն Թորոսյանը մի «էֆեկտիվ», բայց անպատվաբեր տարբերակ է ընտրել՝ խղճահարություն հարուցելով փորձում է պաշտպանություն գտնել ինչ-ինչ շրջանակների մոտ: Բայց, ինչպես ասում են, «աղբը» ձյան տակ երկար չի մնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել