Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը գոհ չէ թիմում ստեղծված իրավիճակից:

«Սերուցքայինների»` Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ` 1:5 հաշվով պարտությունից հետո իսպանացին Instagram-ում հավանել է մի գրառում, որում «Արքայական ակումբի» մի խումբ ֆուտբոլիստներ ենթարկվել են քննադատության.

«Լավ, բավական է:

Սա ի՞նչ էր: Դուք առհասարակ հիշո՞ւմ եք, որ թե որ ակումբի մարզաշապիկն եք կրում: Հիշո՞ւմ եք:

Ինչո՞ւ է Կուրտուան պաշտպանում մեր դարպասը: Նա առհասարակ տեղյա՞կ է, որ դարպասապահ է: Նա անպիտան է: Խայտառակ պաշտպանություն էր. Նաչոն վատագույն մարզավիճակում է, Վարանը չգիտի, թե ինչ անել աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

Միակ մարդիկ, ովքեր ինչ-որ բան արեցին, Մարսելոն և Ռամոսն էին, չնայած նրանք էլ սխալվեցին պաշտպանությունում:

Կիսապաշտպանությո՞ւնը. այն չկա: Հարձակմա՞ն գիծը. այն ևս չկա: Մարզի՞չը. նրան կհեռացնեն: Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ֆուտբոլիստները խաղում են առանց մոտիվացիայի, առանց հաղթելու ցանկության: Նրանք պարզապես վազում են դաշտով մեկ` անհասկանելի է, թե ինչու: Չեմ ցանկանում շարունակել, այլապես սա կվերածվի մի հսկայական գրառման` թիմում տիրող բազում խնդիրների մասին»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք` «կլասիկոյից» հետո «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել