168.am-ը գրում է.

Մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի օգնական Մագդա Արսենյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում են նամակներով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար երկվորյակների մայրիկին: «Հարցը հենց առաջին օրվանից գտնվում է Մանե Թանդիլյանի ուշադրության ներքո: Մենք ամեն ջանք գործադրել ենք տեղեկանալու դեպքի հետ կապված բոլոր մանրամասներին»,- ասաց Արսենյանը՝ հավելելով, որ ներկայում էլ նախարարությունում սոցիալական աջակցության համապարփակ մեխանիզմներ են  մշակվում, որպեսզի կարողանան հասցեական օգնություն տրամադրել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

«Գյումրու մանկատան դիմաց գտնված երեխաները մայրիկի մոտ չեն, բայց մայրիկն այցելել է նրանց և խոստովանել, որ գիտակցել է սխալը և ցանկանում է երեխաներին ետ վերադարձնել»,-նշեց նա:

Մագդա Արսենյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է՝ հասկանալու համար՝ արդյոք պետությունն իր իրավասության և պարտականությունների չափով ջանքեր գործադրե՞լ է ընտանիքին սոցիալապես անապահով վիճակից հանելու համար:

«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ չի  արել պետությունը և ինչ պարտավորություն ուներ քաղաքացին, որ չի կատարել: Չէ՞ որ սոցիալական անապահով վիճակն է  դրդել նրան դիմել այդ քայլին՝ լքել երեխաներին»,-հավելեց բանախոսը:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստեց, որ երկվորյակներին լքած կինը հղիությունը տարել է անչափահաս տարիքում: «Մենք  խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին հղիության ընթացքում և այժմ էլ տղամարդ չկա: Մենք գործ ենք ունեցել ոչ միայն համապարփակ  խտրականության, այլև  հասարակական պարսավանքի հետ»,-նշեց նա:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ խնամակալության հանձնաժողովները մեր երկրում պրոֆեսիոնալ չեն գործում: «Բազմաթիվ են նման դեպքերը, երբ խնամակալության հանձնաժողովի նախագահը ոչ միայն որևէ դրական միջամտություն չի կարողանում իրականացնել բռնություն իրականացված ընտանիքում, այլև խրախուսում է այդ բռնությունը,-ասաց նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ  Գյումրիում մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինների որդեգրման գործընթացը կասեցված է երկամսյա ժամկետով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել