168.am-ը գրում է.

Իջևանի համայնքապետարանի օժանդակությամբ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը, ինչը դուր չի եկել շատերին: Հեղինակը Լյուբիկ Չիբուխչյանն է, ով 2014 թվականին քաղաքական ապաստան էր խնդրել Ադրբեջանից՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելուց, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին իր երկար-բարակ դիմումից հետո: 168.am-ը կապ հաստատեց Լյուբիկ Չիբուխչյանի հետ՝ պարզելու գրքի բովանդակությունը, հովանավորներին:

– Պարո՛ն Չիբուխչյան, իմացա, որ գիրք եք գրել, ո՞ւմ մասին է, քանի՞ էջից է բաղկացած:

– Գիրքը Նիկոլ Փաշինյանի մասին է, 200 էջանոց ձոն է: Գրել եմ 5 օրում: 400 էջ այդքան ժամանակահատվածում մատիտագրեցի, 15 օր էլ թելադրեցի, որ համակարգչով հավաքեն:

– Ի՞նչ եք ներկայացրել գրքում:

– Մոլորակի ամենարագ մարդը ի՞նչ գրած կլինի: 2007 տարեկան եմ պետականորեն: Ամեն ինչն էլ ներկայացրել եմ: Նկարներ էլ կան՝ Պուտինի, Մեդվեդևի, Թրամփի հետ: Գրել եմ, որ դու չպետք է մրսես ու հազես և մեր ազգային հարստությունը գրամ անգամ նվազեցնես: Գիրքը մի 4 անգամ լույս տեսավ, անընդհատ պատվիրում էին, որ շատացնեմ, Մոսկվայից բարեկամ եկավ, հովանավորեց: Գիրքը նվիրում եմ հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, այդպես, էլի… Ասում եմ՝ հենց որ դու ծնվեցիր, ծիածանը յոթ ճեղք քեզ երկշյուղ սայր իջավ, որ սափրվես:

– Ճի՞շտ է, որ Իջևանի համայնքապետարանն էլ է հովանավորել:

– Իհարկե: Միայն տպագրության ծախսերն են տվել՝ 220.000 դրամ, իսկ ես նախքան դա արդեն 420.000 դրամ ծախսել եմ իմ հաշվին: Կարող է՝ ուրիշը լիներ, այս նույն գիրքը մեկ  տարում գրեր ու 10.000-30.000 ուզեր: 50 գրքի համար այդքան են վճարել: Դա օգնություն չէ: Համայնքապետ Վարդան Ղալումյանին նույնիսկ գրքի առաջին օրինակը չեմ տվել, չեմ սիրում նման օճառային բաներ:

– Գիրքը Փաշինյանին ուղարկե՞լ եք:

– Առաջին օրինակը: Գտա մի լավ քծնողի, ասի՝ երկու օճառ էլ հետդ կվերցնես: Քծնողների դինաստիան առձեռն տվել է: Մի նամակ էլ էի ուղարկել գրքի հետ, կարծիքս ասել էի, որն է՝  հանճարեղ մեկը չի կարող ունենալ բոլորի խելքը: Մի քիչ էլ ուղղություն էի տվել:

– Փաստորեն, ուղղություն էլ եք տվել… Ի՞նչ սխալ քայլեր է անում:

– Երբ Սերժ Սարգսյանի հետ կռվեցի, հրաժարական տվեցի, Տավուշի մարզպետի խորհրդականն էի: Նիկոլը ինձ չվերցրեց խորհրդական, տարավ 21 տարեկան լակոտ-լուկուտների:  Ես մոլորակի ամենախելացի ու համարձակ մարդն եմ, խի չասե՞մ որ: Զայրացած միջազգային ակադեմիկոս եմ, ու 36.000 դրամ թոշակ են տալիս:  Նամակս կիսախռովի պես էի գրել, բայց հասարակական կարծիքը կիսեցի, գիրք գրեցի, որովհետև մեկը եկավ, թե՝ հանճարեղ մարդ ես, գրի, քո երկրացին է: Իմ կարծիքը թաքցնելով՝ շատերի կարծիքով գրեցի: Հեղափոխություն ա արել, լավ  ա արել: Ես իրեն ասում եմ, որ՝ սխալ ես անում: Գոմ ես մտնում, ու տավար չկա, բայց քեզանից թրիքի հոտ է գալիս:

– Հիշում եմ, որ 4 տարի առաջ Ադրբեջան էիք որոշել գնալ, մտափոխվե՞լ եք, հիմա որ Փաշինյանից նեղանաք, կարո՞ղ է՝ էլի որոշեք նման բան անել:

– Այ բալա ջան, դա այդպես չէ, ինքնապաշտպանություն էր: 27 երկրից հրավեր ունեմ, այդ ինչո՞ւ չգնացի: 2005 թվականին ճանաչեցին՝ որպես ամենաարագ մտածող մարդ: Օրը աշխատում եմ 164 ժամ: 268 հատոր գիրք է լույս տեսել, 300 տարվա պաշարն էլ կա: Պուտինը երկու անգամ խորհրդական է կանչել, իր գլխին իմ անունով թագ է դրած,  Քուվեյթի շեյխը ոսկե դամբարան ուղարկեց, որը տանն է, Իրանի շեյխի ուղարկած ոսկե ափսեն նույնպես, սա՝ քեզ ինֆորմացիա, որ ճանաչես ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել