168.am-ը գրում է.

«Իրականում, այս քննարկումը կարելի էր համարել հրաշալի, եթե այն տեղի ունենար ընտրությունների անցկացումից ոչ 42 օր առաջ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանի թեզը փայլուն էր. «Պարոն Մարուքյանն ասում է՝ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատել։ Է, տարանջատեք, մենք վատն էինք, դուք՝ լա՞վը. տարանջատեք, ընտրական համակարգն ինչո՞ւ եք փոխում։ Եթե կա քաղաքական կամք, ապա ի՞նչ տարբերություն՝ ինչ Ընտրական օրենսգրքով ենք գնում։ Երկրորդ՝ ՀՀԿ-ի այստեղ-այնտեղ ծվարածների մասին մի անհանգստացեք, տեսեք՝ որտե՞ղ են ծվարել նրանք, ում մասին մազապուրծ մտածում եք, որ մարզերում էլի վերարտադրությունը կապահովեն»։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կա կոնսենսուսի բացակայություն. «Չկա կոնսենսուս, դա այն պարզ պատճառով, որ ոչ թե մենք չենք ուզում այս կամ այն Ընտրական օրենսգիրքը, այլ ընտրություններից 42 օր առաջ ԸՕ չեն փոխում։ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված մի բան եմ ուզում ասել, որին, խնդրում եմ՝ ուշադրություն դարձնեք։ Երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին, ասում է հետևյալը. «Պարոն Բուքիքիոն մեկ առ մեկ թվարկեց առաջարկվող փոփոխությունները ու նշեց, որ դրանք բոլորը հիմնականում դրական են, և նաև ասաց, դրական լինելով հանդերձ՝ Վենետիկի հանձնաժողովը կարևորում է ընտրական գործընթացների ստաբիլությունն ու կայունությունը, այդ թվում՝ շատ ավելի մեծ ժամկետով վաղօրորոք հստակեցված ընտրական օրենսդրությունը, բայց նաև ասաց, որ հասկանում ենք Հայաստանում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը, և, եթե կա քաղաքական համաձայնություն, ապա խնդիր չեն տեսնում, որից հետո առարկություն չհնչեց, բանաձևը համարեց հաստատված», հիմա սա «թողեք աշխատենք»-ի՞, թե՞ «հետո կսովորենք»-ի շարքից է։ Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, խնդրում եմ՝ մտնել կայքը և նայել, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն»։

Հովհաննիսյանը նկատեց՝ ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքն ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք. «Հետո չասեք՝ չէին զգուշացրել»։

ՀՀԿ-ն, նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ պատրաստ է եղել կոնսենսուսի, եթե կառավարությունը պատրաստ լիներ քննարկել այս ընտրակարգն ինչ-որ տարրերով համալրելու կամ ժամանակավոր համարելու, իսկ ռեյտինգային ընտրակարգը՝ մյուս ընտրություններին կիրառելու պատրաստակամության դեպքում. «Եթե այդպես լիներ, սրան էլ կոնսենսուս հնարավոր կլիներ անվանել»։

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց՝ քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է՝ ընտրություն կատարել հարմարավետության և խիազախության միջև՝ հօգուտ քաղաքական խիզախության. «Քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է արագի և հեշտի միջև ընտրություն կատարելու ժամանակ ընտրություն կատարել՝ հօգուտ ճշմարիտի։ Բոլոր քաղաքական ուժերի կյանքում հիրավի եղել են պահեր, երբ քաղաքական սկզբունքայնությունը դրսևորելու անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է եղել, կարծում եմ՝ չեք վիճարկի։ Որքանով են այս կամ այն ուժերը դրսևորել քաղաքական սկզբունքայնություն, կդատեն իրենք ու պատմությունը։ ՀՀԿ-ի մասին մի անհանգստացեք. կլինենք մենք հաջորդ խորհրդարանում, թե ոչ, դրանից ոչ մեր ասելիքը կամ անելիքը կփոխվի, ոչ էլ ձեր՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը, թույլ տված սխալները։ Քաղաքական հեռատեսությունը ենթադրում է տեսնել մակերեսից այն կողմ, իսկ մակերեսից այն կողմ մարտահրավերներն են, որոնց առերեսվելու ենք, ՀՀ-ն է, ոչ թե սպիտակներն ու սևերը, այլ մենք՝ բոլորս։ Ի դեպ, քաղաքական որպիսությունը հարցրածների և դրան դրական պատասխանողների քվեարկությունը քաղաքական կոնսենսուս չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել