Վրաստանում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 50%-ից պակաս ձայն՝ 38,6%: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասվում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ձայների 98,25% տոկոսի հաշվարկից հետո:

Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն: Նա Զուրաբիշվիլիի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Նշենք, որ առաջին փուլում նախագահ ընտրվելու համար հարկավոր էր 50% ձայն հավաքել:

Վրաստանում նախագահական ընտրություններին մասնակցությունը եղել է 46,74%: Նախընտրական պայքարին մասնակցել է 25 թեկնածու, հիմնական ֆավորիտ էին համարվում նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին համախոհ Գրիգոլ Վաշաձեն:

Սրանք համարվում են ուղիղ քվեարկության միջոցով վերջին ընտրությունները, 2023 թվականից երկրի ղեկավար կընտրեն 300 պատվիրակները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 38.79 տոկոսը (493092 ձայն), իսկ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37.65 տոկոսը (475883 ձայն): Նման արդյունքներ էին ստացվել քվեաթերթիկների 80.16 տոկոսի մշակումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել