Armtimes.com-ը գրում է․

2016 թվականի ապրիլյան պատերազմում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքում կրկին մանկան ճիչ է լսվել: 1.5 ժամ առաջ Վիկտորի մայրը որդի է լույս աշխարհ բերել: Նորածինը ծնվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդատանը՝ 3կգ 250գ քաշով եւ 53 սմ հասակով: «Մայրն էլ, փոքրիկն էլ առողջ են, լավ են զգում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի բժիշկ Արմեն Մկրտչյանը: 

Երեխայի անունը Վիտյա են դնելու, քանի որ Վիկտորին տանն ու շրջապատում բոլորը հենց այդ անունով են դիմել:

Ըստ բժիշկ Արմեն Մկրտչյանի, երբ Աննա Յուզիխովիչը հղիության մասին իմացել է, աննկարագրելի սթրեսի մեջ է եղել: «Դա անսպասելի էր եւ Աննայի, եւ մեր համար, քանի որ ֆիզիոլոգիական առումով նա այլեւս երեխա ունենալու հնարավորություն փաստացի չուներ: Աննան 42 տարեկան է: Բայց Աստծո համար անկարելի բան չկա»,- ասաց բժիշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել