Գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ խիստ կարևոր եմ համարում հստակ դիրքորոշում արտահայտել ոչ միայն ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցության մասով, այլև, առհասարակ, այս կուսակցության ու դրա հեռանկարների վերաբերյալ։ Իմ խորին համոզմամբ՝ ՀՀԿ-ն պետք է «մեռնի»։ Այսինքն՝ ոչ թե ռեբռենդիգ լինի, ոչ թե կոսմետիկ, կամ էլ՝ կապիտալ նորոգման ենթարկվի, այլ ռեստրուկտուրիզացվի ու դադարի գոյություն ունենալ, որպես այդպիսին։

Շատ կարևոր է հասկանալ առաջին հայացքից ռադիկալ թվացող այս զարգացման մի քանի կողմեր։ ՀՀԿ-ի ռեստրուկտուրիզացիան ոչ միայն քաղաքական նպատակահարմարության հարց է, այլև օրվա հրամայական, քանի օր այս քաղաքական միավորը այլևս չի համապատասխանում ու էլ երբեք չի համապատասխանելու մեր պետության գոյության համար անհրաժեշտ չափորոշիչներին։ Ու ցանկացած պարագայում՝ նշածս հանգուցալուծումը ամեն ինչ է, բացի էմոցիոնալ գնահատականից ու «պատժից»։

Նախ, խոսենք «ձևի» մասին։ ՀՀԿ-ն 98 թվականին ու դրանից հետո էլ արել է քաղաքական դաշտի հետ այն, ինչ ՔՊ-ն է անում հիմա ՀՀԿ-ի ու քաղաքական դաշտի հետ՝ կլանում է։ Դեռ մեծ հարց է, թե որքանով է ՀՀԿ-ն՝ ՀՀԿ և ոչ՝ ՀՀՇ։ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո այն միավորները, որոնք հետագայում մեզ հայտնի դարձան որպես հավաքական ՀՀԿ, կլանեցին հավաքական ՀՀՇ-ին։ Պատմությունը հիշելու համար է ու եկե՛ք հիշենք, որ հեռավոր 90-ականներին ՀՀԿ-ն գրեթե մարգինալ քաղաքական միավոր էր, որը նույն 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին բուռն աջակցություն էր հայտնում։ ՀՀԿ-ին միակ առանձնացնող հաղթաթուղթը դրա՝ ակնհայտ նացիոնալիստական ու նույնիսկ՝ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունն էր ու Նժդեհի հետ կապված սիմվոլիզմը։ Այսինքն՝ հենց այն, ինչ պետք էր Վազգեն Սարգսյանին, որը դրույք էր արել միլիտարիզացված պետության ու միլիտարիզացված իմիջի մոդելների վրա։ Երբ Տեր-Պետրոսյանը նահանջեց, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տրիումվիրատի կողմից ստեղծված թիմը պարզապես կլանեց նախկին իշխանության միավորներին։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա Նիկոլի թիմն է կլանում նախկին իշխանության միավորներին։ Ուստի ձևի մասով կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն, առնվազն 1998 թվականից երբեք չի եղել այն, ինչ մատուցվել է։

Հիմա խոսենք բովանդակության մասին։ Բովանդակությունը դա կուսակցության գաղափարախոսությունն է։ Արդեն նշեցի, որ ՀՀԿ-ն առնվազն 98-ից հետո չի ունեցել այն ձևը, որը մատուցվել է։ Թերևս կրկնվեմ ու թերևս ոմանց մոտ տարակուսանք ու ցասում առաջացնի ասածս, բայց ՀՀԿ-ի դեկլարացված քաղաքականությունը նացիոնալ-սոցիալիստական է։ Նացիոնալ-սոցիալիստական է, որովհետև էլի դեկլարացման մակարդակով, բայց այդուհանդերձ՝ հիմնված է Նժդեհի գաղափարախոսությանը վրա, ընդ որում՝ 1920-1945 միջակայքում Նժդեհի ունեցած պատկերացումների, իսկ այդ ժամանակ Նժդեհը մեծապես ազդված էր գերմանական նացիոնալիզմի գաղափարախոսությամբ։

Սա առանձին քննարկման առարկա է, բայց եկեք հիմա կարճ արձանագրենք, որ ի հեճուկս նույն ՀՀԿ-ի իշխանության ջանքերի, անջնջելի են պատմական իրողությունները, այդ թվում նաև այն, որ Նժդեհը Նացիստական Գերմանիայի կոլոբորանտներից էր ու ի հեճուկս վերջին 20 տարիների ասպարեզ նետված ստերի, նրա ու Դրոյի կողմից ստեղծված Հյակական Լեգիոնը մասնակցել էր այդ թվում նաև Արևելյան ճակատում տեղ գտած արյունալի մարտերին, իսկ դրա գումարտակներից մեկը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր Ղրիմում՝ 1942 թվականին։ Տեղն ու ժամանակագրությունը թույլ են տալիս մեծ վստահությամբ պնդել, որ Կարմիր Բանակի հայկական ստորաբաժանումների հետ մարտեր մղելիս է դա եղել, բայց եկե՛ք անցյալը թողնենք անցյալում ու խոսենք զուտ աշխարհաքաղաքական պրագմատիզմի տեսանկյունից։

Աշխարհաքաղաքական պրագմատիզմը հուշում է երկու բան․ Հայաստանը ունի կենսական անհրաժեշտություն՝ նացիոնալիստական գաղափարախոսությամբ դոմինանտ քաղաքական միավորներ ունենալու, բայց այդ նացիոնալիզմը չպետք է իր պերսոնոֆիկացման մեջ ունենա պրոբլեմատիկ պերսոնաժներ։ Այս համատեքստում Նժդեհի ու իր ուսմունքի կուլտիվացումը մեզ պետք է նույնքան, որքան ձիուն՝ հինգերորդ ոտքը։ Կարելի է միանգամայն ամբողջական ու լիարժեք ազգայնական-հայրենասիրական դոկտրին կառուցել՝ օգտագործելով Մոնթեի, Արմեն Հովհաննիսյանի, Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի պերսոնոֆիկացման գործոնը։ Ցավոք սրտի, թե բարեբախտաբար՝ ՀՀԿ-ն դա անել չի կարող։ Ավելի շուտ՝ Նժդեհից հրաժարվել չի կարող։

Խոսենք նաև բովանդակության հետ անհամապատասխանության մասին, որոնք կոգնիտիվ դիսսոնանս են առաջացնում։ Գործող իշխանություններին շատ բաների մեջ կարելի է մեղադրել ու վստահաբար՝ կմեղադրենք, բայց ցինիկ սուտ կլինի պնդելը, որ նույյն միասեռականներին ու աղանդավորներին «պռախոդ» սկսել են տալ այս իշխանությունները։ ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ական իշխանության եվրաինտեգրիստական դեգերումների արդյունքում է, որ ընդունվեցին տարբեր օրիագծեր, իսկ որ առավել վատ է՝ Օվերտոնի պատուհան բացվեց ու առնվազն մի քանի սանդղակով առաջխաղացում ապահովվեց նշածս դրույթների համար։ Սա էլ առհավատչյան է նրա, որ արդի ՀՀԿ-ն ոչ միայն «ձևին» չէր համապատասխանում, այլև՝ «բովանդակությանը»։

Վերջապես, եկե՛ք խոսենք քաղաքական պատասխաատվության մասին։ Ես համարում եմ սրիկայություն ու օղուզական բարբարոսություն այն, ինչ արեցին ու շարունակում են անել ՀՀԿ-ական առանձին գործիչների նկատմամբ՝ պատուհանների տակ հայհոյանքներ բղավելը, թաղման լենտեր կապելը, օնլայն և օֆֆլայն հոգեբանական ահաբեկումը։ Ավելին ասեմ, եթե ես մինչև ապրիլ այդքան էլ լավ չէի վերաբերվում նույն Շարմազանովին ու այլ կարկառուն հանրապետականների, ապա վերջին ամիսներին նրանց դրսևորած սկզբունքայնությունը ու հավատրմությունը թիմին և անձամբ Սերժ Սարգսյանին ինձ մոտ ակնածանք ու հարգանք են առաջացնում։

Այսքանով հանդերձ՝ ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական միավոր, չի կարող զուտ «ներողություն» ասել ու անցնել առաջ։ ՀՀԿ-ն ՊԵՏՔ է կրի քաղաքական պատասխաատվություն իր տոտալ ձախողման համար, որի կուլմինացիոն կետն ու խորհրդանիշը Թավշյա հեղափոխությունն է։ Չի կարող նման տոտալ ձախողում ունեցած քաղաքական միավորը կրկին իշխանություն լինելու ամբիցիաներ ունենալ։ Դրա բաղադրիչ մասնիկները՝ մարդիկ, կարող են և պետք է ունենան։ Նույնիսկ կենսական անհրաժեշտություն է, որ նույն Շարմազանովը, Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը, Արման Սաղաթելյանը, Արփինե Հովհաննիսյանը և այլ սկզբունքային հանրապետականներ չհեռանան քաղաքական դաշտից, բայց ՀՀԿ-ն նրանց համար փակուղի է, որովհետև այս մարդկանց բոլոր առավելություններով հանդերձ՝ ՀՀԿ-ի շուրջ եռեսունամյա գործունեության հանրագումարը Նիկոլ Փաշինայնն է ու նրա թրաշամանուկների թիմը։ 81 տոկոսը սա համարում է բարիք, իսկ ես համարում եմ մեծագույն չարիք, որի համար զուտ ներողություն խնդրելը բավարար չէ։

Այդ հանրագումարը ստեղծած միավորը պետք է լքի քաղաքական բեմը ու տեղ ազատի նոր՝ ավելի առողջ, ավելի թարմ ու ավելի բանիմաց կադրերով լցված միավորնրի համար, որոնցում կարող են ու նույնիսկ՝ պետք է ներառված լինեն ՀՀԿ-ի առողջ «բջիջները»։

Այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել