Հոկտեմբերի 25-ին Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր «Կոնվերս» բանկի 25-ամյակին: Ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ։

««Մադամ Բաթերֆլայը» բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10 տարի: Հուսով ենք՝ մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրելու բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»,- իր խոսքում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:

«Ողջ աշխարհում ընդունված է, որ  բիզնեսն աջակցում է մշակույթի զարգացմանը: Շնորհակալություն ենք հայտնում «Կոնվերս» բանկին, որ փառատոնին իր աջակցությամբ մեզ հնարավորություն տվեց բեմադրելու և մայր բեմում ներկայացնելու աշխարհի ամենահայտնի բեմերում մշտապես մեծաթիվ հանդիսատես հավաքող «Մադամ Բաթերֆլայ» օպերան»,- իր խոսքում ասաց Լիանա Ալեքսանյանը:

Նշվեց նաև, որ «Մադամ Բաթերֆլայը» դասվում է աշխարհի ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական մաքրությունն ու անկեղծությունը և նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որն օպերայի վերջում դառնում է խորը ողբերգական:

Հայաստանում «Մադամ Բաթերֆլայն» առաջին անգամ ներկայացվել է 1934թ.-ին Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում,  դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից տասը տարի առաջ՝ 2008թ․-ին՝ որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել