«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց: Շարունակում եմ պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը պետք է լինի պետական հոգածության առարկա և երաշխավորվի օրենքով: Եվ խոսքը ոչ թե Վեհափառին պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ տալու մասին է, այլ պետական պաշտպանության ենթակա անձի կարգավիճակ տալու մասին է: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի անվտանգությունը պետք է երաշխավորվի հայկական պետականության կողմից, ինչը բխում է թե՛ Սահմանադրության և թե՛ տրամաբանության ու բարոյականության նորմերից և ոգուց: Որպես հայ իրականության բացառիկ երևույթ` անընդունելի է, որ վտանգներով լի աշխարհում Հայ առաքելական եկեղեցու և նրա ղեկավարի անվտանգությունը դիտարկվի վարչապետի հայեցողական գործողությունների համատեքստում:

Խնդիրը պետք է կարգավորել մեկընդմիշտ և ինստիտուցիոնալ եղանակով, հատկապես որ Վեհափառի նկատմամբ հարձակման փորձեր վերջին շրջանում եղել են, և նման գործողությունները բացառել ոչ մեկը չի կարող: Նշեմ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անձամբ ծանոթ չեմ, այս նախագիծը ո՛չ Վեհափառի, ո՛չ էլ որևէ այլ բարձրաստիճան հոգևորականի հետ չեմ քննարկել և նախաձեռնության մասին տեղյակ չեմ պահել: Որպես Հայ առաքելական եկեղեցու զավակ և Ազգային ժողովի պատգամավոր` շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Վեհափառի անվտանգությունը պետք է լինի պետական հոգածության առարկա և երաշխավորվի օրենքով, ոչ թե մնա ներկա և ապագա վարչապետերի հայեցողությանը կամ քմահաճությանը (ըստ ճաշակի):

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել