«Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում գտնվող ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին: Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ԱՄՆ-ի համար առաջնահերթ են և կարևոր: Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Նաև անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձևավորված իրավիճակին: Կարևորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում իր հանդիպումների շրջանակում քննարկումներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: «Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից»,- ասաց նա՝ ավելացնելեով, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը բարդ է․ եթե այն հեշտ լիներ, ապա արդեն վաղուց կարգավորված կլիներ:

«Ես չեմ եկել այստեղ ազդարարելու ամերիկյան քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն կամ նոր առաջարկներ անելու մասին»,- ասաց նա՝ նշելով, որ կողմերը պետք է կարողանան գտնել լուծումը:

Անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը՝ նա նշեց, որ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը քննարկել են առաջիկայում սպասվող ընտրությունները: Նա նկատեց, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները թույլ են տալիս մտածելու, որ նա ընտրություններում հաջողություն կունենա:

«Ես նրան հարցրեցի, թե որն է իր հաջողության գաղտնիքը: Նա չպատասխանեց»,- ասաց նա՝ հավելելով, որ գուցե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից կիմանա պատասխանը։- Բայց փաստ է, որ եթե կանխատեսումներն իրականան, նա կունենա ուժեղ մանդատ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»:

Ջոն Բոլթոնը նշեց, որ այսօր հանդիպում է ունեցել նաև հետազոտողների հետ, որոնց հետ քննարկումներից պարզ է դարձել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ՀՀ-ի համար մնում է առաջնային հարցերից մեկը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել