Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը հեռուստատեսության ոլորտում արդեն տասներկու տարվա աշխատանքային փորձ ունի, և արդեն երկու ամիս է՝ Առաջին ալիքում ներկայանում է որպես լրատվականի մեկնաբան: «Եթե մի վայրկյան անգամ կասկած ունենայի, որ չի ստացվելու անցումս, չէի համաձայնի այս փոփոխությանը: Ես միշտ եմ վստահ եղել, որ լրատվական ոլորտն իմն է, ու մի օր հայտնվելու եմ այնտեղ, ուստի կասկած չունեի, որ կարճ ժամանակում կարողանալու եմ ապահովել սահուն անցում»,- իր որոշման մասին այսպես է արտահայտվում Մերին BlogNews.am-ի հետ զրույցում: 

Միշտ հպարտանում եմ օրս դասավարելու ու ժամանակս ճիշտ կառավարելու հմտությամբ:

Մեկ ամիս պահանջվեց ինձնից աշխատանքային նոր գրաֆիկս անձնական գրաֆիկի մեջ տեղավորելու համար: Մի քիչ բարդ շրջան էր, քանի որ աշխատանքս համընկավ ուսումնական տարվա մեկնարկի հետ։ Մեծ աղջիկս արդեն 4-րդ դասարան է տեղափոխվել, զուգահեռ խմբակներ է հաճախում: Դրան գումարած 2 փոքրիկներս՝ իրենց խնամքով, զարգացման կենտրոններով, ժամանցով, բայց շատ արագ ամեն բան կարգավորեցի։ Իհարկե, միայնակ ոչինչ անել երևի չստացվեր:

Ուղիղ եթերը սարսափելի մեծ պատասախանատվություն է ենթադրում, հատկապես՝ լրատվական հաղորդումների պարագայում:

Ու այստեղ միակ օգնող գործոնն ուղիղ եթերի փորձառությունն է և, իհարկե, այն հսկայածավալ աշխատանքը, որն արվում է եթերից առաջ: Հեռուստադիտողը հիանալի զգում է՝ եթերից առաջ ինչ աշխատանք է արվել հաղորդավարի կողմից, որքանով է հաղորդավարը եթերի «տերը»: Լինում են իրավիճակներ, որ զարմանում եմ՝ ինչպես է ստացվել ուղիղ եթերում դրանք աննկատ հաղթահարել, հետո գիտակցում եմ, որ այսքան տարվա փորձն է օգնության հասել՝ սկսած տեխնիկական խնդիրներից, վերջացրած հոգեբանական հարցերով:

Լրատվական հաղորդավարի գծագրած կերպար չունեմ, որին փորձում եմ նմանվել, բայց ունեմ իմ պատկերացումները:

Լրատվական մեկնաբանին հեռուստադիտողը պետք է վստահի, պետք է հավատա, լրատվական մեկնաբանը պետք է լինի չեզոք, մի քիչ հասուն ու խորը: Փորձում եմ անել հնարավորը՝ լրատվությունը միշտ առաջին պլանում պահելու համար։ Դու պետք է կարողանաս միշտ լինել երկրորդ պլանում, քո հաղորդած լուրից մի քայլ հետ: Երբ առաջին պլանում հաղորդավարն է՝ իր արտաքին տեսքով, խոսքի, ձայնի առանձնահատկություններով, ժեստերի ակտիվությամբ, ակամա լրատվությունը տուժում է:

Խենթանում այն գործի համար, որը հիմա եմ անում:

Լրատվական ոլորտում աշխատում եմ ընդամենը երկու ամիս, բայց հիմա ինձ թվում է, որ մի ամբողջ կյանք եմ եղել այստեղ: Աշխատանքի ոչ թե գնում եմ, այլ շտապում ու վազում: Սա ինձ համար մի նոր ոլորտ է, որտեղ նոր բան եմ սովորում, որը մղում է բացահայտման, պրպտելու ու նվաճումներ ունենալու: Իմ նոր աշխատանքը համարում եմ ձեռքբերում ու այստեղ դեռ շատ անելիքներ ունեմ:

Եթե սիրում ես հեռուստատեսության ոլորտում աշխատել, սիրում ես կարդալ ու անդադար գրել, ուրեմն՝ ամեն րոպե կատարելագործվում ես:

Տեղեկատվական հոսքում դու լսում ես, տեսնում, վերլուծում ու ակամա պաշար հավաքում: Լուրերում աշխատելու նախապատրաստական փուլում տարբեր մասնագետների հետ եմ հանդիպել՝ լոգոպեդից մինչև բեմական խոսքի մասնագետ, անգամ հոգեբանի հետ եմ հանդիպումներ ունեցել:

Քաղաքականությամբ միշտ եմ հետաքրքրվել, միշտ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ եղել մեր երկրում ու դրա սահմաններից դուրս տեղի ունեցող ցանկացած իրադարձության:

Սա ինձ շատ օգնեց իմ նոր աշխատանքում: Ես լավ ծանոթ եմ ոլորտին: Տեսակով նաև հետաքրքրասեր ու պրպտող մարդ եմ, միշտ կարդում եմ, վերլուծություններ, կարծիքներ ու մեկնաբանություններ լսում: Այն օրերին, երբ եթերում չեմ լինում, 2 ժամը մեկ պարտադիր հետևում եմ լրահոսին, դիտում լրատվական հաղորդումներ: Երբեմն երեխաներիս հետ ֆուտբոլ ենք խաղում կամ մարզվում ԱԺ նիստերի ուղիղ միացումների ներքո: Վախենում եմ, բայց նկատել եմ, որ դա մի տեսակ պահանջ է դարձել:

Լուրերում աշխատում եմ դեռ երկու ամիս: Անհարմար զգալու շատ պատճառներ ունեմ, բայց ամեն րոպեն օգտագործում եմ դրանք հաղթահարելու համար:

Ես աննորմալ պատասխանատու մարդ եմ, ամեն բան փորձում եմ անել ինքս ու հասցնել: Իմ առաջ՝ որպես լրատվականի մեկանաբանի, մի քանի խնդիր եմ դրել ու ժամանակ, որ պետք է հասնեմ դրանց: Ես պարզապես հաղորդավար չեմ, ով տաղավարում նստած տեքստ է կարդում, ես մեկնաբան եմ, ով, վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կդառնա եթերի տերը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել