Armtimes.com-ը գրում է. 

ԵՊԼՀ-ը պարզաբանում է ուսանողուհիներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպը, որը ներկայացել էր, որպես հարձակում:

«Երեկ մեր համալսարանում ուսանողուհիներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտնում ենք, որ այսօր ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության կողմից ստացվել է պաշտոնական տեղեկատվություն:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ համալսարան որեւէ անհայտ մարդ մուտք չի գործել եւ ուսանողուհու վրա հարձակում տեղի չի ունեցել: Նա որեւէ մեկի կողմից ծեծի կամ բռնության չի ենթարկվել եւ առավելեւս չի դանակահարվել: Ուսանողուհու կյանքին սպառնացող վտանգ չկա:

Բոլոր տարածված լուրերը բերնեբերան անցած, ուռճացված ասեկոսեներ են, եւ չեն համապատասխանում իրականությունը:

Ինչ վերաբերում է մարմնի քերծվածքներին եւ ձեռքերի վրա առկա գրություններին, ապա, հաշվի առնելով անձնական կյանքի անձեռնմխելիության եւ գաղտնիության խնդիրը, զերծ ենք մնում մանրամասներ հայտնելուց:

Ցանկանում ենք նաեւ անդրադառնալ համալսարանի նախկին ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջի գրառմանը՝ կապված նշված դեպքի հետ: Ակնհայտորեն չհամակերպվելով այն իրավիճակի հետ, որ համալսարանի ուսանողության մեծամասնության ազատ կամարտահայտմամբ նախկին ուսանողական խորհուրդը լուծարվել է եւ զրկվել իր թվացյալ «ղեկավար» դիրքից, դրա որոշ անդամներ շարունակում են միտումնավոր կերպով տարածել ապատեղեկատվություն՝ փորձելով վարկաբեկել համալսարանի բարի համբավը եւ սեւացնել ղեկավարության աշխատանքը:

Կարծում ենք, որ նրանք պետք է նախ եւ առաջ համալսարանի ողջ ուսանողությանը եւ աշխատակազմին, իսկ հետո նաեւ հանրությանը ներկայացնեն բացատրություն, թե ինչու են տարածում ակնհայտ ստեր եւ փորձում բորբոքել կրքեր՝ սարսափ ֆիլմերի ժանրով: Ի՞նչ «ողբերգական», «սարսափելի», «արյունալի» դեպքի կամ «խայտառակության» մասին է խոսքը: Ինչու՞ են իրենց թույլ տալիս գրել չստուգված, մտացածին եւ անհիմն տեղեկություններ, թե իբր համալսարանի ուսանող չհանդիսացող երեք աղջիկ մուտք են գործել համալսարան, դաժանաբար ծեծի ենթարկել մի ուսանողուհու, այնուհետեւ՝ դանակահարել նրան...Այս անգամ անցել են բոլոր թույլատրելի սահմանները:

Հորդորում ենք, որ չարաբանությամբ եւ բանսարկություններով զբաղվելու փոխարեն, նախկին ուսանողական խորհրդի անդամ, մեր սիրելի ուսանողները, վերջապես, վերադառնան իրենց անմիջական պարտականությանը՝ սովորելուն: Հորդորում ենք նաեւ մոռանալ նախկին կուսակցական գործելաոճը եւ մտածելակերպը եւ հղկել իրենց բառապաշարը՝ հարիր դարձնելով լեզվահասարակագիտական համալսարանում սովորողին:

Ի դեպ, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը բազմիցս է հայտարարել լրագրողների եւ լրատվամիջոցների հետ բաց եւ թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Ուստի, մեկ անգամ եւս խորհուրդ կտանք լրատվամիջոցների մեր գործընկերներին հետեւել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին եւ լրագրողական էթիկային, այն է՝ մինչեւ համալսարանի մասին տեղեկատվության հրապարակումը, ստուգել դրա հավաստիությունը բուհից:

Հիշեցնում ենք նաեւ, որ մարդու մասնավոր կյանքին եւ անձնական տվյալներին վերաբերող տեղեկությունների հրապարակումն առանց դրանց իսկությունը ստուգելու եւ այդ անձի համաձայնությունը ստանալու, կարող է առաջացնել իրավական հետեւանքներ»,- ասված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել