«Երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու և Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երևանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն խաղաց, երբ նշանակման հրամանն արձակվելուց հետո՝ մինչ հրապարակվելը, զանգահարեցինք նրան՝ ճշտելու, ձևացրեց, թե անտեղյակ է, և անգամ «մաղարիչ» խոստացավ, «եթե դա ճիշտ է»։

Նրա որդին՝ Արման Աբրահամյանը, երկար տարիներ աշխատել է Անվտանգության ծառայությունում, նախկին իշխանությունների օրոք՝ 2008-ի մարտի 1-ից հետո ազատվել է աշխատանքից, ապա 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո վերականգնվել, իսկ հիմա՝ 4 ամիս անց էլ, նոր թռիչք կատարեց՝ նշանակվելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։ Նուբարաշենի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը։ Այսօր-վաղը կլինեն Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների հրամանները։ Երեկ փոխքաղաքապետն ասել էր, որ 5 ղեկավար է փոխվելու։

Ըստ լուրերի՝ Մալաթիայում կնշանակվի Դավիթ Կարապետյանը, իսկ Արաբկիրում՝ 42-ամյա Արշակ Օրդուխանյանը՝ «Քաղպայմանագրի» Արաբկիրի կառույցի ղեկավարը, ով կազմակերպել է քաղաքապետի ընտրությունները։ Նրա մասին շատ սուղ տեղեկատվություն կա․ երկար ժամանակ ապրել է արտերկրում՝ Իսպանիայում և Հունաստանում, Իսպանիայում ինչ-որ մութ քրեական պատմությունների մեջ է ներգրավված եղել։ 2014 թվականին նրան մեծ տարածք են տրամադրել՝ 5 հազար քմ-ից ավելի՝ Երևանյան լճի մերձակայքում հանգստյան գոտի կառուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, պրոյեկտը գլուխ չի եկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել