Պանրի սիրահարները երևի թե կուրախանան՝ իմանալով, որ իրենց սիրելի ուտեստը համարվում է աշխարհի ամենահին ուտեստներից մեկը, որը մարդը սկսել է օգտագործել հազարավոր տարիներ առաջ։ Ավելի ստույգ՝ այն  ստեղծվել է մոտավորապես 7200 տարի առաջ։ Հենց այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով Խորվաթիայի տարածքում հայտնաբերված կերամիկական սպասքը։ Այս տարածաշրջանում մարդիկ բնակություն են հաստատել մոտավորապես մ.թ.ա  6-րդ հազարամյակում։ Նրանք այստեղ զբաղվում էին անասնապահությամբ և կաթնային արտադրանքի պատրաստմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հայտնաբերված կերամիկական սպասքի մի մասում պահպանվել են միս և ձուկ, մյուս մասը՝ կաթ և պանիր։ Վերջինս մոտավորապես 7200 տարեկան է։

Հայտնաբերված տվյալները հաստատում են այն կարծիքը, որ գյուղատնտեսությունը Եվրոպայում տարածվել է մոտավորապես 9000 տարի առաջ։ Հետաքրքիր է, որ պանրի արտադրությունն ավելի շուտ է սկսվել, քան կաթի օգտագործումը՝ որպես սնունդ։ Հայտնի է, որ մեր նախնիներին անհրաժեշտ է եղել շուրջ 500 տարի, որպեսզի յուրացնեն պանրի պատրաստման գործընթացը։ Այս հետազոտություններից կարելի է ենթադրել, որ հնագետները հայտնաբերել են Եվրոպայում առաջին գյուղատնտեսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել