1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո երիտասարդության շրջանում սպորտի ու ֆիզիկական դաստիարակության զարգացումը շարունակում էր մնալ հայկական համայնքի ուշադրության կենտրոնում։ Օսմանյան կայսրության հայկական բնակչության շրջանում, բացի վերոնշյալից, անհրաժեշտություն առաջացավ նաև պարբերականի հրատարակման, որը կխթաներ ֆիզիկական ակտիվության զարգացումը։

Ելնելով հենց այս անհրաժեշտությունից՝ 1911 թ. փետրվարին Կոստանդնուպոլսում լույս տեսավ հայկական առաջին սպորտային ամենամսյա թերթը՝ «Մարմնամարզը»։ Կարելի է ասել, որ եթե սպորտային շարժումը Արևմտյան Հայաստանում ծագել է օտար, մասնավորապես՝ ամերիկյան քոլեջների ազդեցության արդյունքում, ապա դրա «հայկականացումը» կայացավ շնորհիվ «Մարմնամարզի», որը հրատարակվեց Շավարշ Քրիսյանի կողմից 1911-1914 թթ., և դրա ադմինիստրատիվ տնօրեն նշանակվեց Կարո Ունչյանը։

Սկզբնական շրջանում պարբերականը հրատարակվում էր հայ գրող և հրապարակախոս Հակոբ Սիրունու անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ։ «Մարմնամարզը» Օսմանյան կայսրության առաջին սպորտային պարբերականը դարձավ, որն աննախադեպ էր նաև արևմտահայկական մամուլի պատմության մեջ։

Ի սկզբանե «Մարմնամարզ» պարբերականի առջև կարևորագույն խնդիրներ էին դրված. նախ՝ սպորտային կյանքին հանրային նշանակություն տալ, հետաքրքրություն առաջացնել սպորտի նկատմամբ և նպաստել ֆիզիկական դաստիարակության զարգացմանը, հատկապես՝ Արևմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքներում և գյուղերում, տարածել սպորտային կարևոր նորությունները, ինչպես նաև կազմակերպել և համակարգել հայկական սպորտային ակումբների առաջնություններն ու գործունեությունը։

«Մարմնամարզի» էջերում հատուկ տեղ էր հատկացված հայ և օտարերկրացի այն հեղինակների գրառումներին, որոնք վերաբերում էին ֆիզիկական կուլտուրայի, առողջապահության, մանկավարժության ու սպորտի զարգացմանը։ Շնորհիվ «Մարմնամարզի»՝ հաջողվեց կազմակերպել և անցկացնել Համահայկական օլիմպիական խաղերը։ Մրցումներին մասնակցում էին Կոստանդնուպոլսի գրեթե բոլոր սպորտային ակումբները։ Առաջին հայկական օլիմպիական խաղերը կայացել են 1911 թ. մայիսի 1-ին «Յունիոն» ակումբի մարզադաշտու, 2000 հանդիսատեսի ներկայությամբ։

Հետաքրքիր է այն փաստը, որ «Մարմնամարզի» առաջին համարները հրատարակվում էին որպես «Պատկերազարդ ամենամսյա թերթ», իսկ հաջորդողները հրատարակվում էին արդեն «Օրկան ազգային ֆիզիկական վերածնության», ավելի ուշ՝ «Օրկան ազգային ֆիզիկական կրթության» խորագրով։

1911 թ. «Մարմնամարզը» հրատարակվում էր ամենամսյա պարբերականությամբ, և լույս էր տեսել արդեն 10 համար։ Երկրորդ տարում ընթերցողների խնդրանքով այն վերածվեց թերթի, որը հրատարակվում էր ամսական երկու անգամ, և 1912-ին արդեն լույս էր տեսել 24 համար։ Խմբագրության և հրատարակչության տների հասցեների փոփոխությունը վկայել են այն մասին, որ թերթը ֆինանսական դժվարությունների է հանդիպել։

«Մարմնամարզը» թողարկվեց մինչև 1914 թվականը։ Հիմնադիր խմբագիր Շավարշ Քրիսյանը Մեծ եղեռնի զոհ դարձավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել