«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հաստատել են փորձում հայտնի ու անհայտ ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավոր բոլոր ձևերով հասկացնում է, որ իշխանության դափնիներն այլոց հետ կիսելու ցանկություն ու մտադրություն չունի՝ «Ես եմ հաղթել, ես եմ վայելելու» սկզբունքով: Մյուս ուժերին էլ այլ բան չի մնում, քան ապագա խորհրդարանում հայտնվելու համար ճանապարհներ ու լուծումներ փնտրել: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների գերակշռություն ապահոված իշխող կուսակցությունը համոզվեց իր բռնած ճանապարհի անշեղության մեջ ու այժմ մտադիր է միայնակ մասնակցելու ընտրություններին:

Ստեղծված իրավիճակում կուսակցությունների ու միավորումների մեծ մասը փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: «Լույս» դաշինքն ասում է, թե իր հայտարարություններում առավել կոշտ է լինելու, «Սասնա ծռերը» նկատում են, որ խորհրդարանում եթե անգամ մեկ օլիգարխ լինի, ապա իրենք արմատական ընդդիմություն են դառնալու, «Հանրապետականը» հիշեցնում է, որ խորհրդարանում առանց իրենց անհետաքրքիր կլինի, ու գաղափարական ընդդիմության տեղը բաց կմնա, «Բարգավաճ Հայաստանն» էլ մեղմ նրբերանգներով հասկանալ է տալիս, որ շարժվում են իրադարձությունների թելադրանքով:

Տպավորություն է, որ եթե նախկինում կուսակցություններն ընտրություններին մասնակցում էին իշխանության գալու համար, այժմ նրանց միակ նպատակն Ազգային Ժողով մուտք գործելն ու ընդդիմադիր դիրքերից հանդես գալն է: Վերջիններս, ըստ երևույթին, հարմարվել են այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հաղթանակն անխուսափելի է, հետևաբար հասարակությանը փորձում են հրամցնել, թե հենց իրենք կարող են առողջ ընդդիմություն լինել: Չեն մոռանում նշել նաև, որ իրենց քննադատություններով իշխանություններին միայն օգնելու են՝ երկրի արդյունավետ կառավարման, արտաքին հարաբերությունների, տնտեսության առաջմղման և այլ հարցերում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել