Անցած տարի գարնանը դիմեցի Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Հովհաննես Վարդանյանին մեր բակի եզրաքարերը փոխելու համար: Թաղապետն ավելի լավ տարբերակ առաջարկեց՝ վերանորոգել ողջ բակը: Բնականաբար, դեմ չեղա, որովհետև վերջին անգամ չէի հիշում, թե երբ էր շինտեխնիկա մտել բակ, էլ ուր մնաց՝ վերանորոգվեր: Օրինակ՝ կողքի բակը, որը երևի 3 անգամ մեծ է մերից, նախկինում պարբերաբար վերանորոգվում էր: Ասում էին՝ ՀՀԿ-ից չգիտեմ ով էր բնակվում այդտեղ: Դե իսկ մերը կսպասեր:

Մի խոսքով՝ թաղապետի հետ պայմանավորվեցի բնակիչներից ստորագրություններ հավաքել, որ նրանք դեմ չեն, որ բակը բարեկարգվի: Անհրաժեշտ քանակության ստորագրություն հավաքվեց, բայց պարզվեց՝ կան բնակիչներ, ովքեր այդքան էլ կողմ չեն գեղեցիկ ու մարդավայել բակ ունենալուն: Պատճառը մեկն էր՝ տարիներ առաջ՝ տարբեր թաղապետների օրոք, իրենց հայտնի ճանապարհով զավթել էին բակի տարածքը, ցանկապատել ու իրենց մեքենաների համար որպես կայանատեղի էին օգտագործում: Իսկ բարեկարգելն իր մեջ ներառում էր նաև այդպիսի ապօրինի կառույցների վերացում: Դե արդեն պատկերացրեք, թե ինչ թատրոն էր ամեն անգամ մեր բակում, երբ շինարարները գալիս էին գործ անելու: 

Զրուցեցի թաղապետի հետ խնդրի վերաբերյալ, ասաց՝ քանդվելու են: Անկեղծ ասած՝ սկզբում թերահավատ էի, որովհետև ոնց ապօրինի կառուցել էին, այդպես էլ միջոցներ կգտնեին այդ արգելքը ևս շրջանցելու համար: Բայց, հուրախություն ինձ ու շատ հարևանների, թաղապետն իր խոսքի տերը եղավ, ու այդ ցանցապատ տարածքները քանդվեցին, վերադարձվեցին բակին: Այսօր դրանց փոխարեն մանկական խաղահրապարակ, նստարաններ ու սալիկապատ ճեմուղի է: 

Ստորև կտեղադրեմ ներկա ու նախկին նկարները, ինքներդ կհամոզվեք դրանում:

Իհարկե, ոմանք փորձեցին առիթը բաց չթողնել ու իրենց վերագրել բակի բարեկարգումը, որովհետև ես սեր չունեմ արածներիս մասին բարձրաձայնելու, բայց եկեք չխոսեմ նման էժան մարդկանց մասին:

Ասածս ի՞նչ է․ այսօր արդեն Հովհաննես Վարդանյանը թաղապետ չէ, բայց իր արածը կոնկրետ մեր բակի մասով շատ վարչական շրջանների ղեկավարների համար օրինակ պետք է ծառայի: Համենայն դեպս, ես Արաբկիրի նման թաղապետի չեմ հիշում:

Պարոն Վարդանյանը խոստացել էր նաև հասնել այն խնդրահարույց ճանապարհի վերանորոգման համար իրավական հիմքերին, որի մասին բազմիցս գրել էի, բայց ափսոս, որ միշտ չէ ամեն ինչ մեր ուզածով լինում: Հուսամ՝ նոր թաղապետը ևս բաց կլինի բնակիչների համար, ու վերջապես կհասնեմ այդ ճանապարհի վերանորոգմանը:

Սա, թերևս, իմ շնորհակալության խոսքն էր պարոն Վարդանյանին, առաջին հերթին՝ իր խոսքի տերը լինելու և հետո միայն վարչական շրջանի լավ ղեկավար լինելու համար: Ճիշտ է, պետական գործիչներին շնորհակալություն չեմ հայտնում իրենց գործն անելու համար, բայց էնքան ենք կարոտ մնացել գոնե խոսքի տերը լինելուն, որ նման դեպքերի մասին պետք է անպայման բարձրաձայնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել