168.am-ը գրում է.

Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում:

Թանգարան-ինստիտուտում շրջելուց և Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթանալուց հետո նա գրառում կատարեց  թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.

«Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ դա կնշանակի, որ մեր դարաշրջանում նմանատիպ սարսափելի ահաբեկչական գործողություները կարող են հնարավոր դառնալ նաև ապագայում: Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխարգելել նման անմարդկայնությունը հետագայում:

Աստված լուսավորի բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են, թող նրանք հանգչեն խաղաղությամբ»:

Լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելուն` նա ասաց, որ դա պատմական փաստ է, բայց ինքը այստեղ չէ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան: «Ես այստեղ եմ որպես մասնավոր անձ: Այնպես որ այդ հարցի մասին եզրակացություն անելը վարչակազմի գործն է»,-ընդգծեց Ջուլիանին:

Խոսելով հայ-ամերիկյան կապերի մասին` Թրամփի անձնական իրավաբանը շեշտեց, որ այդ հարցը երկու կառավարությունների գործն է: «Ես այստեղ եմ, որպես մասնավոր անձ, որ ինֆորմացիա ստանամ որոշ փաստերի մասին: Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ լավ եմ ճանաչում Ամերիկայի հայկական համայնքը»,-եզրափակեց նա:

Ռուդոլֆ Ջուլիանին Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության  նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Ջուլիանին հայտնի է նաև որպես Թրամփի ոչ պաշտոնական խորհրդական կիբերանվտանգության գծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել