168,am-ը գրում է

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) վարկանիշը մնում է ռեկորդային ցածր մակարդակի վրա: Այսպիսին են ARD հեռուստաալիքի պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 19-ին։

Այժմ պահպանողականների օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ Գերմանիայի բնակիչների 25 տոկոսը, ինչը մեկ տոկոսային կետով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ), որը Անգելա Մերկելի դաշինքի հետ միասին մտնում է կառավարող կոալիցիայի մեջ, պաշտպանում է 14 տոկոսը: «Երկու կուսակցությունների համար էլ սա ամենավատ վարկանիշն է այն ողջ ժամանակաշրջանում, երբ ARD-ն հարցումներ է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքական ժողովրդականության վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցնում են «կանաչները» (19 տոկոս), «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության օգտին այժմ պատրաստ է քվեարկել ընտրազանգվածի 16 տոկոսը: Ձախ կուսակցությունը վայելում է ընտրողների 9 տոկոսի, լիբերալները՝ 11 տոկոսի աջակցությունը: Հարցմանը մասնակցել է 1040 մարդ:

Սոցիոլոգիական մեկ այլ ծառայության՝ Emnid-ի վարկածով՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը նվազագույն ցուցանիշի է հասել նախանցած շաբաթվանից: Հոկտեմբերի 7-ին այն կազմել Է 27 տոկոս, իսկ 14-ին՝ 26 տոկոս: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բավարիայի դաշնային երկրամասում հոկտեմբերի 14-ին անցկացված ընտրությունների ֆոնին: Այնտեղ զգալիորեն թուլացել են ՔՍՄ-ի դիրքերը, որը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, եւ ԳՍԴԿ-ի դիրքերը: Դիտորդները դա գնահատել են որպես լուրջ հարված պահպանողականներին եւ Անգելա Մերկելի դաշնային կառավարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել