Մի քանի ժամ առաջ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդեց, որ հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում անհետացած ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Մինչ այս պահը պաշտոնական Էր Ռիադը չէր ցանկանում նույնիսկ ընդունել, որ հյուպատոսարանի շենք մուտք գործած լրագրողը անհետացել է և հյուպատոսարանից դուրս չի էլ եկել։ Հիշեցնեմ, որ 2018 թ․-ի հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացել էր սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին։ 

2017 թ․-ից ԱՄՆ-ում բնակվող և հայտնի The Washington Post պարբերականի հետ համագործակցող Հաշքաջին ընկերուհու հետ ժամանել էր Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան` ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրելու համար։ Հյուպատոսարան մուտք գործելուց հետո նա անհետացել էր։ Սաուդացի լրագրողի անհետացումը և, ինչպես արդեն հայտարարվում է, սպանությունը միջազգային մեծ սկանդալի պատճառ է դարձել։ 

Այժմ ոչ մեկը չի կասկածում, որ Հաշքաջիի անհետացման և սպանության հետևում կանգնած է Էր Ռիադում իշխող Սաուդիտների դինաստիայի Սուդեյրի կլանի ներկայացուցիչ, թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ում դեմ են ելույթ ունենում հատկապես Թուրքի կլանի ներկայացուցիչները, ովքեր մեկ տարուց ավել է՝ պայքարում են բին Սալմանի հալածանքների և նրա մենիշխանության դեմ։ 

2017 թ․-ի հունիսի 21-ին, ստանալով թագաժառանգի կարգավիճակ, Մուհամեդ բին Սալմանն ուղղակի տեռորի ենթարկեց Սաուդիտների դինաստիայի իրեն ոչ հարազատ կլանների և հատկապես Թուրքի կլանի ներկայացուցիչներին, որի արդյունքում շատերը ոչ միայն զրկվեցին պաշտոններից և ունեցվածքի որոշակի մասից, այլև շատ արքայազններ ուղղակի սպանվեցին կամ վտարվեցին երկրից։ Կլանային պատերազմը Սաուդյան Արաբիայում նոր թափ ստացավ սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ բին Սալմանը նոր արշավ սկսեց իրեն ընդդիմացողների դեմ, որը կրկին վերածվեց ահաբեկչության։ 

Անհետացած և սպանված լրագրող Ջամալ Հաշքաջին ևս պատահական մարդ չէր այս կլանային պատերազմում։ Նրա ընտանիքը, սաուդական ամենահարուստ ընտանիքներից լինելուց բացի, նաև սերտ համագործակցել է Սաուդիտների դինաստիայի Թուրքի կլանի ներկայացուցիչների հետ և հատկապես առաջ է տարել նրանց շահերն ԱՄՆ-ում, որտեղ Հաշոգի-Հաշքաջիները դեռ անցյալ դարի 50-60 թթ․-ից սերտ կապեր են հաստատել ամերիկյան քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների հետ։ Սպանված լրագրող Ջամալ Հաշոգի-Հաշքաջին բավական սերտ համագործակցել է Թուրքի կլանի առաջնորդ, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Բանդար բեն Սուլթանի և Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության նախկին ղեկավար Թուրքի իբն Ֆեյսալի հետ։ Թագաժառանգ իբն Սալմանի Թուրքիների դեմ պատերազմից հետո Ջամալ Հաշքաջին լքել էր Էր Ռիադը և հաստատվել էր Վաշինգտոնում, որտեղ համագործակցում էր ամերիկյան ամենահայտնի և ծանրակշիռ պարբերականներից մեկի՝ The Washington Post-ի հետ, որտեղ հրապարակված հոդվածների մեծ մասը խիստ ընդդիմադիր էին իբն Սալմանին։ Թագաժառանգը բազմիցս փորձել էր կաշառել լրագրողին, սակայն հաջողության չէր հասել։ Դա Էր Ռիադում չէին կարող ներել։ 

Հաշքաջիի ապագան կանխորոշված էր, սակայն սաուդացի թագաժառանգը չէր կարող իր «վճիռը» կյանքի կոչել ԱՄՆ-ում, քանի որ հետևանքները սարսափելի ծանր կլինեին Սաուդյան Արաբիայի համար։ Բացի այդ, իբն Սալմանը նախագահ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ մոտ ընկերներ են։ Պետք էր սպասել հարմար պահի, երբ Հաշքաջին կլքեր ԱՄՆ-ը։ 

Սակայն Ստամբուլում Հաշքաջիի հետ հաշվեհարդար տեսնելը ևս պատահական չէր։ Էր Ռիադը և Անկարան վաղուց են մրցակցում միմյանց դեմ՝ սուննի մահմեդական աշխարհում լիդերի դերը ստանձնելու նպատակով։ 2017 թ․-ի ամռանը ծագած Քաթարյան ճգնաժամն էլ ավելի սրեց այդ մրցակցությունը Թուրքիայի և Սաուդյան Աարբիայի միջև, որի ժամանակ Էրդողանը կանգնեց Դոհայի կողքին։ Տնտեսապես թուլացած Թուրքիայի տարածքում, վերացնելով իրեն քննադատող լրագրողին, Մոհամեդ բին Սալմանը հուժկու հարված հասցրեց Էրդողանի վարկանիշին՝ սուննի մահմեդական աշխարհին ցույց տալով, որ Սաուդյան Արաբիան նույնիսկ Թուրքիայի տարածքում է ի վիճակի ֆիզիկապես ոչնչացնելու ում ցանկանա և երբ ցանկանա։ Իրեն լիդեր համարող որևէ երկիր դա չի կարող կուլ տալ կամ ներել։ 

Սակայն իբն Սալմանը, ինչպես երևում է, թուրքական ԶԼՄ-ների տվյալներից, առաջնորդվում է «Ինչ չի կարելի գնել գումարով, կարելի է գնել ավելի մեծ գումարով» կարգախոսի համաձայն։ Ըստ վերջին տեղեկությունների` Հաշքաջիի սպանությանն ավելի «մեղմ» վերաբերվելու և միջազգային սկանդալը չխորացնելու համար Էր Ռիադը տնտեսապես ծանր վիճակում գտնվող Անկարային առաջարկել է 25 միլիարդ դոլարի սահմանում ֆինանսական օգնություն տրամադրել, իսկ ԱՄՆ-ին էլ առաջարկել է 50 միլիարդ դոլարի սահմանում զենքի վաճառքի նոր պայմանագիր կնքել։ 

Սաուդացի լրագրողի սպանության շուրջ սկանդալը դեռ չի ավարտվել և ամեն օր նոր տեղեկություններ են տարածվում այդ սահմռկեցուցիչ դեպքի և դրան նախորդող և հաջորդած իրադարձությունների մասին։ Սակայն մեկ բան պարզ է. Հաշքաջիի սպանությունը սովորական հանցագործություն չէ և այն, եթե Էր Ռիադին չհաջողվի գնել շահագրգիռ կողմերի լռությունը, մեծ խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն իբն Սալմանի, այլև Թրամփի համար, որի ընտանիքը ոչ միայն ընկերություն է անում օդիոզ և դաժան սաուդացի թագաժառանգի հետ, այլև թանկարժեք «նվերներ» է ստացել վերջինից։ Համոզված եմ՝ վտանգի դեպքում Թրամփը մեծ հաճույքով կզոհաբերի Մոհամեդ բին Սալմանին, ինչպես ժամանակին վարվեցին Քադաֆիի նկատմամբ արևմտաեվրոպական շատ երկրների ղեկավարներ, որոնք մեծ հաճույքով ընդունում էին Լիբիայի բռնապետին իրենց մայրաքաղաքներում և ահռելի գումարներ էին ստանում վերջինից՝ որպես ներդրումներ և նվերներ։ 

ՀԳ. Ջամալ Հաշքաջիի սպանության պատճառ կարող էր լինել նաև նրա հոդվածներից մեկը The Washington Post-ում, որտեղ սաուդացի լրագրողն անկեղծացել էր, որ «ինչ-որ մանրամասների է տեղյակ կապված 2001 թ․-ի սեպտեմբերի 11-ի դեպքերի և Սաուդյան Արաբիայի այդ ամենին մասնակցության հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել