Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սքարլեթ Հարիսոնը հրաժարվել է փչել ալկոթեստերի մեջ՝ պատճառ բերելով իր շրթունքների չափսը։ Այս մասին հաղորդում է Metro պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթեր քաղաքում։

Ոստիկանները կանգնեցրել են 20-ամյա աղջկա մեքենան և նկատել են, որ նրանից ալկոհոլի հոտ է գալիս։ Նրան ստիպել են փչել ալկոթեստերի մեջ, դրական արդյունք ստանալուց հետո աղջկան ոստիկանական բաժանմունք են տարել։ Այնտեղ աղջիկը պետք է ավելի ճշգրիտ սարքով թեստ անցներ, սակայն նա չի կարողացել դա անել շրթունքների կոլագենային ֆիլերների պատճառով։

Հարիսոնը պնդում է, որ չորս անգամ փորձել է փչել խողովակի մեջ, սակայն չի կարողացել շրթունքներով կիպ գրկել այն։ Դրանից հետո նա հայտարարել է, որ չի կարող անցնել թեստը, քանի որ իր շուրթերը չափազանց մեծ են։ Ոստիկանները հայտարարել են, որ նա հատուկ է տապալել թեստը։

Աղջկա փաստաբանը, սակայն, ասել է, որ մի քանի ամիս առաջ իր պաշտպանյալի վրա հարձակվել են, ինչի պատճառով նրա շրթունքի վրա սպի կար, որն էլ խանգարել է շրթունքներով բռնել խողովակը։

Հարիսոնն, այնուամենայնիվ, ընդունել է, որ հարբած վիճակում է նստել ղեկին։ Նրան 16 ամսով զրկել են վարորդական իրավունքից։ Հաղորդվում է, որ նրա գործարար հայրը աղջկա ձերբակալության հենց հաջորդ օրը վաճառել է նրա մեքենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել