Վերջին տարիներին ափ նետվող ջրային կենդանիներին, զանգվածային սատկող թռչուններին ավելացել է ևս մի տարօրինակ երևույթ՝ պայթող գորտերը: 

Այս երևույթը նախ նկատվել էր Դանիայում, ապա տարածվել նաև Գերմանիայում: Գորտերը և դոդոշները սովորական պայմաններում անհասկանալի պատճառով ուռչում էին իրենց չափից երեքից չորս անգամ մեծ և պայթում՝ ներքին օրգանները սփռելով իրենց շուրջը և ստեղծելով բավականին տհաճ տեսարան:

Դանիայում մարդիկ գիշերը լսում էին անհասկանալի թխկոցներ և չէին հասկանում դրանց աղբյուրը: 

Իսկ Գերմանիայում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների աչքի առաջ գորտերը և դոդոշները սողալու ընթացքում ուռչում և պայթում էին՝ ներքին օրգանները դուրս նետելով: Գորտերի մեծամասնությունը պայթում էր գիշերվա ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածում, ջրամբարների մոտ: 

Այս ամենի պատճառների վերաբերյալ կա չորս վարկած.

  1. Կարծիք կա, որ դա մի անհայտ հիվանդության պատճառով է:
  2. Ըստ այլ վարկածի՝ պատճառն օրեցօր վատացող էկոլոգիան է: Նշվում է, որ այդ օրերին երկրի վրա օզոնային շերտի մեծ անցք էր գոյացել:
  3. Գիտնականների մեկ այլ խումբ պնդում է, որ պատճառը ջրամբարների մոտ առկա ֆերմաներում լայնորեն կիրառվող թունավոր պարարտանյութերն են, սակայն այդ վարկածը չի հաստատվել:
  4. Մեկ այլ վարկած է առաջ քաշել մի գերմանացի անասնաբույժ, ով նկատել է, որ պայթած կենդանիների մոտ բացակայում էր լյարդը: Ըստ դրա էլ նա եզրակացրել էր, որ մեղավորն ագռավներն են, որոնք սկսել են սիրել այդ օրգանը և կտցահարել իրենց զոհին: Իսկ գորտերն էլ վնասված թոքերով անկառավարելիորեն ուռել և պայթել են: Սակայն այս վարկածն էլ ունի հարցականներ: Ինչո՞ւ ագռավները հանկարծ սկսեցին ուտել գորտերի միայն լյարդը: Երկրորդ՝ ինչո՞ւ էր այդ ամենը տեղի ունենում հենց գիշերվա ժամերին: Մի՞թե հենց գիշերով, երբ միաժամանակ շատ գորտեր էին պայթում, որսի էին դուրս եկել մեծ թվով ագռավներ: Երրորդ՝ լյարդը բացակայում էր արդեն պայթած կենդանիների մոտ, քանի որ ագռավները լեշով են սնվում:

Այս հարցերն առայժմ պատասխան չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել