Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով: Այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին:

«Նրանք, ովքեր չեն տեսնում, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել, նրանց ուզածն ընդամենն այն էր, որ ընտրություններին մի մարդուն փոխարինի մեկ այլ մարդ, մեկ թայֆային՝ մյուսը, մեկ օլիգարխին՝ մյուսը: Ես ասում եմ՝ Հայաստանում ավարտվել է կլանների դարաշրջանը: Միայն ժողովուրդն է որոշում, թե ով լինի քաղաքապետ, ով լինի վարչապետ: Հայաստանում փոխվել է այն, որ բռնությունն այլևս չի կարող լինել քաղաքական գործիք: Նրանք, ովքեր մտմտում են, որ այս օրերին ծածուկ մի տեղից անցնեն իրենց գործերին, կստանան ժողովրդի հուժկու հակահարվածն՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս և ուր են գնում: Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որտեղ օրենքի գերակայությունն անառարկելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա մանրամասնեց այն իր այն միտքը, թե Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով: «Հայաստանի քաղաքացին մեկ այլ քաղաքացու տեսնելիս առավոտյան պետք է ժպտա, որովհետև տեսնում է իր հարազատին, որովհետև սա սիրո ու հարգանքի հեղափոխություն է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել