Էռնեստ Միլեր Հեմինգուեյ (1899-1961), ամերիկացի գրող

Ախտորոշում. սուր դեպրեսիա, հոգեկան խանգարում

Ախտանիշներ. ինքնասպանության հակում, հետապնդման մոլուցք, նյարդային կծկումներ

Հիվանդության պատմություն. 1960 թ. Հեմինգուեյը Կուբայից վերադարձավ ԱՄՆ: Նրան տանջում էին դեպրեսիան, վախի զգացումն ու անվստահությունը: Նա չէր կարողանում գրել, այդ իսկ պատճառով ինքնակամ համաձայնեց հոգեբուժարանում բուժվել: Հեմինգուեյը էլեկտրաշոկի 20 սեանս ունեցավ, որի մասին գրել է. «Բժիշկները, որոնք ինձ էլեկտրաշոկ էին տալիս, գրողներին չեն հասկանում։ Ի՞նչ իմաստ կա քայքայելու իմ ուղեղը և ջնջելու իմ հիշողությունը, որը իմ հարստությունն է, և ինձ բախտի քմահաճույքին թողնելու: Նրանք հրաշալի բուժում իրականացրին, սակայն հիվանդին կորցրին»: Հիվանդանոցից դուրս գալիս Հեմինգուեյը համոզվեց, որ չի կարողանում նախկինի պես գրել և արեց ինքնասպանության առաջին փորձը, սակայն հարազատները կարողացան կանխել այն: Կնոջ խնդրանքով նա բուժման կրկնակի կուրս անցավ, սակայն իր ցանկությունը չփոխեց: Դուրս գրվելուց մի քանի օր անց նա իր սիրելի ատրճանակով ինքնասպան եղավ:

Ֆրանց Կաֆկա (1883-1924), չեխ գրող

Ախտորոշում. արտահայտված նևրոզ, ֆունկցիոնալ բնույթի պսիխաստենիա, ոչ պարբերական դեպրեսիվ վիճակ

Ախտանիշներ. գրգռվածություն` անտարբերության նոպաներով, քնի խանգարում, չափազանցված վախեր, հոգեսոմատիկ խնդիրներ` ինտիմ ոլորտում

Հիվանդության պատմություն. Կաֆկայի հոգեկան խանգարումներն արմատ են գցել այն ժամանակ, երբ նա վեճեր ունեցավ հոր հետ, ծանր փոխհարաբերությունների մեջ էր ընտանիքի անդամների հետ և խճճված սիրային կյանք ուներ: Ընտանիքը չէր ընդունում Կաֆկայի՝ ստեղծագործելու հանդեպ սերը, և նա ստիպված էր գաղտնի զբաղվել դրանով: «Սա ինձ համար սարսափելի, երկակի կյանք է, որից, ամենայն հավանականությամբ, մի ելք կա՝ խելագարությունը»,- գրել է նա իր օրագրում:

Երբ հայրը սկսեց ստիպել, որ ծառայությունից հետո Կաֆկան աշխատի իր խանութում, այլ ոչ թե դատարկ բաներով զբաղվի, Ֆրանցը որոշեց ինքնասպան լինել և իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին, հրաժեշտի նամակ գրեց: «Վերջին պահին ինձ հաջողվեց հասնել և փրկել նրան իր «սիրող» ծնողներից»,- գրել է Մաքս Բրոդը Կաֆկայի մասին իր գրքում:

Ահա մի քանի տող Կաֆկայի անձնական օրագրից, որոնք արտացոլում են նրա ներքին կռիվը. «Ես չեմ կարողանում քնել: Միայն տեսիլքներ, ոչ մի քուն: Ներքին էության արտասովոր անկայունություն եմ զգում: Հրեշավոր աշխարհ, որը կրում եմ գլխումս: Ինչպե՞ս ազատվեմ դրանից առանց խելագարվելու»:

Գրողը մահացավ 41 տարեկան հասակում տուբերկուլյոզից: Երեք ամիս շարունակ նա հոգեվարքի մեջ էր. խանգարվել էր ոչ միայն օրգանիզմը, այլ նաև միտքը:

Ժան Ժակ Ռուսո (1712-1778), ֆրանսիացի գրող և փիլիսոփա, լուսավորիչ

Ախտորոշում. պարանոյա

Ախտանիշներ. հետապնդման մոլուցք

Հիվանդության պատմություն. եկեղեցու և կառավարության հետ ունեցած հակասության արդյունքում (1760-ականներ սկիզբ, «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքի լույս տեսնելուց հետո) Ռուսոյին մշտապես հատուկ կասկածամտությունը վերաճեց ծայրահեղության: Նրան ամեն ինչը դավադրություն էր թվում, որի պատճառով էլ Ռուսոն սկսում է թափառականի կյանք վարել և ոչ մի տեղ երկար չէր մնում՝ կարծելով, որ բոլոր ընկերներն ու ծանոթները նրա դեմ ինչ-որ դավադրություն են հյուսում: Մի անգամ Ռուսոն որոշեց, որ այն ամրոցի բնակիչները, որտեղ հյուրընկալվել է, նրան են կասկածում մահացած ծառայի թունավորության մեջ, և պահանջեց դիահերձել հանգուցյալին:

Գի դը Մոպասան (1850-1893), ֆրանսիացի գրող

Ախտորոշում. գլխուղեղի պրոգրեսիվ կաթվածահարություն

Ախտանիշներ. հիպոխոնդրիա, ինքնասպանության հակումներ, կատաղության նոպաներ, զառանցանք, հալյուցինացիաներ

Հիվանդության պատմություն. ողջ կյանքում Գի դը Մոպասանը տառապել է հիպոխոնդրիայով. նա շատ էր վախենում էր, կխելագարվի: 1884-ից սկսած Մոպասանի մոտ սկսվեցին հաճախակի նյարդային պոռթկումներ և հալյուցինացիաներ: Նյարդային գրգռվածության պիկերի ժամանակ նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել՝ մի անգամ թմբուկավոր ատրճանակով, մյուս անգամ՝ թուղթ կտրելու համար նախատեսված դանակով: 1891-ին գրողը տեղափոխվեց բժիշկ Բլանշի կլինիկա, որտեղ էլ կիսագիտակից վիճակում ապրեց մինչև կյանքի վերջ:

Ջոնաթան Սվիֆթ (1667-1745), իռլանդացի գրող

Ախտորոշում. Պիկի հիվանդություն կամ Ալցհեյմերի հիվանդություն

Ախտանիշներ. գլխապտույտներ, տարածության կողմնորոշման խանգարում, մարդկանց և իրերը ճանաչելու անկարողություն, մարդկային խոսքի իմաստի անընկալողունակություն

Հիվանդության պատմություն. ախտանիշներն աստիճանաբար խորանում էին, մինչև որ կյանքի վերջում հասան ամբողջական թուլամտության: Սվիֆթն առավել հայտնի է «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքով, որում սրամտորեն ծաղրուծանակի էր ենթարկում մարդկային և հասարակական թերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել