ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է մտածել այդ մասին»,- նշել է նա:

Ըստ Քոչարյանի` կուսակցության անվանումը սկզբունքային չէ, սկզբունքային են մոտեցումները:

«Այսօր ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում, որը պետք է լցնել` երկրի շահերից ելնելով»,- ասել է նա:

Նախկին նախագահը նշել է, որ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտումներ չունի: «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ ներքաշում է քեզ գործընթացի մեջ, որից դու չես կարող հրաժարվել` ելնելով կենսագրությունից, բնավորությունից և կյանքի դիրքորոշումից»,- նշել է նա:

Խոսելով դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու մասին` Քոչարյանը նշել է, որ պարզապես չի հասցնում: Ըստ նրա` կուսակցությունում պետք է ընդգրկվեն տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լի մարդիկ, իհարկե, կլինեն նաև հին թիմից անդամներ, որոնց գիտի, որոնց հետ աշխատել է: Եվ այդ ամենի համար, ըստ Քոչարյանի, ժամանակ է հարկավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել