1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետն աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ՝ փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները:

2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում ձեռքբերված երեք հիմնարար մոտեցումները ոչ թե ինքնըստինքյան են տրվել, այլ հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք են եղել:

3. Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն յուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը՝ վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհանգստությունները:

4. Ղարաբաղյան կարգավորման գործընթացքում նոր իշխանությունները չեն կարող անվերջ մնալ նոր մոտեցումների դիվանագիտական արտահայտման ամորֆ փնտրտուքի մեջ: Պատահական չէ, որ անգամ իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանաձևերում նոր իշխանությունները նորից ստիպված են ապավինել մեր օրոք արած մշակումներին, օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կոնֆլիկտների մասին ընդունված բանաձևն է:

5. Դեսպանի հայտարարությունը բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը, երբ մեկ ուժի տոտալ մենիշխանության պարագայում թուլացած են պատեհ պահին պետական շահերի պաշտպանության բեռն իրենց վրա վերցնելու պատրաստ ուժերի ռեսուրսները: Սա ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական բազմակարծություն ունենալու կարևորությունն ապագա խորհրդարանում՝ ուժեղ արմատական ընդդիմությամբ, որը հարկ եղած դեպքում իր վրա կարող է վերցնել տարաբնույթ աշխարհաքաղաքական խաղերին հակազդելու ծանրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել