Քաղաքական  մեկնաբան

Փակ շուկայի հետ կապված իրադարձությունների ընթացքը մի տեսակ շրջանցեց Սամվել Ալեքսանյանի կողմից մեկ այլ, ոչ պակաս վտանգավոր ձեռնարկատիրական գործունեությունը: Խոսքը Չարբախում Սամվել Ալեքսանյանի կողմից հիմնված ձեթի գործարանի աշխատանքն է, իսկ ավելի կոնկրետ, դրա արձակած ծուխը: Մի քանի տարի խնդրով ակտիվ զբաղվում էր «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ով այդ ժամանակ պատգամավոր էր և միակ քաղաքական գործիչն էր, ով, արձագանքելով բնակիչների խնդրանքին, փորձում էր հասնել խնդրի կարգավորմանը:
Սակայն ժամանակի ընթացքում բնակիչները հուսահատվեցին ու, կարծես թե, սկսեցին համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, ինչը կանաչ լույս էր գործարարի համար:
Միգուցե կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն «շշպռել», թե Ս. Ալեքսանյանը աշխատատեղ է ստեղծում կամ հարկ վճարում, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում հազարավոր մարդկանց համար անհարմարություններ կամ առողջական խնդիրներ առաջացնելու փաստը: Ի վերջո, որևէ մեկը չի պահանջում փակել գործարանը կամ պատժել որևէ գործարարի, խնդիրը ժամանակակից ֆիլտրեր տեղադրելու մեջ է:

Մեր երկրում գործարարներն այնքան ժամանակ կանտեսեն նմանատիպ խնդիրները, քանի պատկան ատյանները չտեսնելու են տալիս դրանք, իսկ որքան շարքային քաղաքացին իր մաշկի վրա կզգա անարդարության կամ անպատժելիության պտուղները, այնքան հասարակության մեջ հիասթափողների ու երկրից մեկնողների թիվը կաճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել