Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով:  Նա նշել է, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Նա մանրամասնել է, որ գաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ասել է, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է:

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրել է նաև իր և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակության վերաբերյալ: Նա հայտնեց, որ այդ օրը ինքը և ՀՔԾ պետը 10 հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ 8 անգամ իրեն զանգահարել է ՀՔԾ պետը, երկու անգամ ինքն է զանգահարել վերջինսիս: Նա պարզաբանել է նաև, թե ինչպես է հաջողվել գաղտնալսել իր և Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գտնվել է ռոումինգի գոտում, ինչը հեշտացրել է գաղտնալսում իրականացնելու գործընթացը: ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ երկրի տարածքում ունեցած հեռախոսային խոսակցությունների դեպքում առկա գաղտնի արձանագրությունները, որոնք գաղտնազերծելու համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, որոնք օրենքով սահմանված կարգով ունի միայն ԱԱԾ-ն, չեն գործում: «Երբ անձը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորներն ավելի էժան կապ ապահովելու համար օգտվում են տարբեր ինտերնետային, հեռախոսային ուղիներից: Ես գտնվել եմ ռոումինգի տակ, իսկ ինտերնետային ուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այսինքն՝ միջին որակի ցանկացած մասնագետ կարող էր այդ գաղտնալսումը իրականացնել»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել