Armtimes.com-ը գրում է.

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, սակայն անօրինական է:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքի մասով փորձաքննությունն ավարտվել է եւ հայտնի դարձել, որ Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան: ՀՔԾ պետը, սակայն, չէր պարզաբանել՝ զենքերը օրինական են եղել, թե՝ ոչ:

Դեռեւս օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` նախնական օպերատիվ տվյալներով կա վարկած, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 2008-ի մարտի 1-ին: «Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։ Դա վարկած է, որը պետք է ստուգվի», -հայտարարել էր Վանեցյանը: Այս գործի շրջանակում արդեն մի քանի ամիս է՝ կալանքի տակ է գտնվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ անունով հայտնի Հենրիկ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել