Դաշնակցությունը վաղուց է հայտարարել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է, և սա կապված չէ այս փոփոխությունների հետ. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, ասաց խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը, ում խոսքով՝ երբեք էլ չենք պատրաստվել:

Արմեն Ռուստամյանը հստակ չասաց, թե արդյոք կուսակցությունն արդեն որոշում ունի՞՝ դաշինքո՞վ են մասնակցելու ընտրություններին, թե՞ կուսակցությամբ. «Երբ հստակ կլինի՝ երբ են ընտրությունները, ինչ օրենսգրքով, ինչպիսի պայմաններում, բնականաբար, դրա հետ կապված որոշում կլինի»:

Ռուստամյանը նշեց, որ շարունակում են նույն համոզմանը լինել, որ ընտրությունները հապճեպ են անցկացվում:  «Մենք հստակ ասել ենք, որ եթե ընտրությունները տեղի են ունենում, պետք է տեղի ունենան կառավարության ծրագրին համապատասխան, գրվել է, որ մինչև մեկ տարի, հենց այնպես չի գրվել, գրվել է, այսինքն՝ կան քայլեր, որոնք պետք է կատարվեն»,- ասաց նա և հավելեց, որ իրենք կողմնակից են, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի:

Անդրադառնալով ԸՕ-ին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ ունեն իրենց մոտեցումները. «Այսօր էլ կխոսենք, մենք կոնսեսուսով ուղարկել են առաջարկներ և կտեսնենք, թե այդ կոնսենսուսը որքանով է ընդգրկված նոր ԸՕ-ում և ըստ այդմ էլ կկողմնորոշվենք, բնականաբար, ԸՕ-ի փոփոխությունը շատ կարևոր է: Եթե ԸՕ-ն փոխում են ամենասեղմ ժամկետներում, ԸՕ-ն ուժի մեջ է մտնում նոյեմբեր ամիսին, և սա մեզ համար հիմնական հարց է»: 
Ինչ վերաբերում է հարցին` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, ՀՅԴ պատգամավորը նշեց, որ ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա նշեց, որ վարչապետի հետ հուշագիրը ուրվագծել են, հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել